2 Նոյեմբերի, 2023

Թվաբանությունը կհրապարակեք ճշգրիտ․ քանի մարդ է շահառու ճանաչվել, չլինի՝ մոտ 100 000 մարդ, մոտ՝ էսքան, շուրջ էնքան, հստակ քանակ կա, հստակ հաշվեհամարներ, ուրեմն գրեք ճշգրիտ քանակ՝ քանի մարդ կա, քանիսն է ստացել օգնություն, քանիսը չի ստացել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու խնդրին։

Նա նաև նշեց, որ պետք է պարզել, թե ովքեր աջակցություն են ստանալու, արդյոք պահին Հայաստանո՞ւմ են գտնվում, թե՞ ոչ։

«Դա էլ է հարց, որ եթե մի քանի օրով դուրս են եկել երկրից, եթե հետ գան՝ կստանա՞ն, թե՞ ոչ, որովհետև, կարող ա, գնացել ա իրա հարազատներին տեսնի ու վերադառնա։ Պետք է հասկանանք՝ վերադառնալուց հետո կստանա՞ն, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը և հետաքրքվեց, թե արդեն քանի մարդ է ստացել 40+10 հազար դրամ աջակցությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հստակեցրեց, որ հոկտեմբեր ամսվա վճարումները և գումարը տրամադրել են 19 հազար անձի։

Փաշինյանի հարցին, թե ինչու չեն ստացել մյուս շահառուները, Մկրտչյանը պատասխանեց, որ խնդիրը տվյալների մշակման գործընթացի հետ է կապված, ինչը դեռևս ավարտին չի հասցվել։

Փաշինյանն Արցախից բռնի տեղահանված «քույրերից ու եղբայրներից» համբերություն խնդրեց, մինչև ավարտին հասցնեն սոցիալական ծրագրերը, քանի որ, ըստ նրա, դա ճշգրտություն է պահանջում։

kotayk

Լրահոս