Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում շուրջ 20 տոկոսի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը հանրապետության բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և միջամտությունները (վիրահատությունները)։
Շուրջ 175 բուժառուներ տարբեր ախտորոշումներով, սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Անհապաղ տեղափոխման ենթակա անձինք ունեն ուռուցքային և սիրտ- անոթային համակարգի հիվանդություններ։
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։