Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց եւ առնվազն մեկ թեկնածու առաջադրվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի, այս դեպքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել հանձնաժողովի արտահերթ նիստում: Ազգային ժողովին ՄԻՊ թեկնածու է առաջադրվում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից, այսինքն գլխադասային հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն առաջադրված թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները 7-ն են, մեծամասնություն են կազմում ՔՊ խմբակցության պատգամավորները4/3 հարաբերակցությամբ: Հարցի քննարկման ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը եւ հայտնում որոշման մասին: