23 Հունիսի, 2023

Գաղտնիք չէ, որ տաքսու վարորդները համարվում էին Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի ներկայացուցիչներ: Ոչ բոլորը, բնականաբար, բայց նման տարածված ընկալում կամ պատկերացում կար: Ու էլի ոչ բոլորին էր դա վերաբերվում, բայց «երևանյան տաքսիստները» ամենից անհավանական, ամենից սուտ «լուրերի», «տեղեկությունների» կամ պարզապես բացահայտ հորինվածքների տարածողներն են: ԽխխխխխխխխխԵթե ուզում եք իմանալ, թե այս կամ այն օրակարգային հարցի շուրջ ինչ մտացածին թեզեր, կաղապարներ է իշխանությունը տարածում հանրության շրջանում առանց քարոզչամիջոցներից օգտվելու, զրուցեք 5-10 տաքսու վարորդի հետ ու, եթե քարոզչական տեխնոլոգիաներից քիչումիչ, թեկուզ «վիքիպեդիական» պատկերացումներ ունեք, միանգամից այդ կաղապարները կերևակվեն:

Մյուս կողմից, առավել ևս գաղտնիք չէ, որ 2018 թվականի իշխանազավթման շրջանում տաքսու վարորդների ճնշող մեծամասնությունը նետվեց աջակցելու Նիկոլ Փաշինյանին: Նրանցից շատերի համար Նիկոլն առանց չակերտների փրկիչ էր ընկալվում, քանի որ խոստացել էր «ջրել» տուգանքները, վերացնել արագաչափերը, երթևեկությանը հետևող տուգանային տեսախցիկները, «կարմիր գծերը»:

Իշխանության գալուց հետո, Նիկոլ Փաշինյանը, բնականաբա՛ր, ոչ թե վերացրեց արագաչափերը, այլ կրկնապատկեց դրանք, ինչպես նաև տեսախցիկների քանակը, նույնքան բնականաբա՛ր չվերացվեցին նաև «կարմիր գծերը»: Ինչ վերաբերում է տուգանքները «ջրելուն», ապա նման մի բան եղավ, բայց դա տուգանային խտրականություն, եթե չասվի «ֆաշիզմ» էր, քանի որ ստացվեց, որ հիմար են բոլոր նրանք, ովքեր ժամանակին իրենց տուգանքները վճարել էին, իսկ անբարեխիղճները խրախուսվեցին անբարեխղճության համար: Շատ նիկոլաբարո լուծում էր:

Բայց երևի դա էլ քիչ է համարվում, ու հիմա Նիկոլ Փաշինյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նախագիծ են նախապատրաստել առ այն, թե էլ ինչ կարելի է «կլպել» տաքսու վարորդներից:

Կառավարության նիստում նաև դրա մասին «խոսքուզրույց» եղավ: Մասնավորապես, ներկայացնելով նախագիծը, Գնել Սանոսյանն ասաց, որ առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրք տարեկան 1 միլիոն դրամի չափով:

Այսինքն, կառավարությունը, որն առիթ-անառիթ գլուխ է գովում, թե բյուջեի համալրման, կարճ ասած փողի խնդիր չունի, ընկել է տարեկան 1 միլիոն դրամի տուրք «կլպելու» ետևից:

Դե, իրենք վաղուց «պադավատներով» են ճռճռում և իրենց համար բացարձակապես միևնույն է, թե այդ տուրքն ինչպես կանդրադառնա ուղեվարձի վրա: Ըստ այնմ, նախատեսվում է լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր պետական տուրք, և՛ անկանխիկի դեպքում, և՛ կանխիկի դեպքում երկու աղյուսակ ունենք: Անկանխիկի դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից 1,5 տոկոս, 2025-ին 2,5, 2026-ին 4 տոկոս, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են 2, 3,5, 5։ Այսպես փորձել ենք խթանել անկանխիկը:

Առաջարկվում է նաև սահմանել էլեկտրոնային հարթակով և ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառություն էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ:

Կարճ ասած, տաքսիստները պիտի ՀԴՄ-ներ ունենան ու կտրոն տան:

Չէ, բայց ինչ-որ արդարացի բան կա այս ամենի մեջ: Նիկոլ Փաշինյանի ընտրազանգված համարվող տաքսիստները Նիկոլ Փաշինյանի «շնորհակալությանը» արժանացան: Նրանց, ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը որպես «կթու կով» է ընկալում:

Երևի շուտով տաքսիստների բողոքի ակցիաներ էլ կտեսնենք: Ի դեպ, տաքսիստներն այս ամենից առաջ էլ էին արդեն փոխվել։ Շատերի մոտ 2018–ի հակառակ տրամադրությունն է։

Արթուր Խայթ

Աղբյուր` 7or.am

Լրահոս