ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրել է․
«Սույն թվականի հունիսի 1-ին ամբողջ համացանցում տարածված տեսանյութը, որում արտացոլված միջադեպը փաստորեն տեղի էր ունեցել դեռևս ապրիլի 10-ին և ստացել ոչ պատշաճ իրավական ընթացք, փաստում է մի պարզ բանի մասին որ անպատժելիության գերակայությունը հանգեցնում է նման խայտառակ արդյունքների բացասաբար ազդելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության, այլև ուժային կառույցների, ՀՀ ընդհանուր անվտանգային համակարգի և վերջիններիս վարկանիշի վրա:
Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի օրենքի գերակայության երկիր, որի առաջ կհավասարվեն բոլորը անկախ սեռից, տարիքից, պաշտոնից, դիրքից: Նշեմ նաև, որ բոլորովին վերջերս ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ զինվորականի բարոյական կոդեքսի» մշակման աշխատանքների շրջանակներում, քննարկման փաթեթներն ուղարկվել են նաև բոլոր ուժային կառույցներին հետադարձ կապի և ակտիվ մասնակցության ակնկալիքով, քանի որ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ արժեհամակարգը ոչ միայն գերակա պետք է լինի Զինված ուժերում, այլև ուժային բոլոր կառույցներում, համազգեստ կրող յուրաքանչյուր մարդու առօրյայում և ի վերջո կրի համազգային բնույթ: Միայն այդպես կարող է ձևավորվել փոխադարձ վստահության և համազգային համերաշխության կայուն մթնոլորտ:
Նման ամոթալի միջադեպերը և հենց այս միջադեպը բարոյական կոդեքսի և վերջինիս կիրառության բացակայության ևս մեկ վառ օրինակ են:
Ուժային կառույցների իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ լինել ավելի զգոն և խիստ հատկապես կադրային քաղաքականության և վերջինիս ընտրության հարցում առաջնահերթությունը տալով ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ , ապա մասնագիտական որակներին»: