«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ «Իզվեստիա» միջազգային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՊՆ նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մամուլի ասուլիսը, որին առցանց տարբերակով մասնակցելու հնարավորություն ունեցան նաև լրագրողներ Հայաստանից։ Քննարկման կենտրոնում էին հայ-ռուսական հարաբերությունները, ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան, մեր երկրի ներքաղաքական իրավիճակը։ Կարապետյանը նշեց՝ պետք է շարունակել զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ոչ թե դրանք փչացնել։ «Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիրը հրաշալիորեն աշխատում է Թուրքիայի դեմ։ ՀԱՊԿ-ը նույնպես հրաշալի գործում է, այն պետք է մի քիչ մոդեռնիզացնել Ադրբեջանի և մեր մյուս հարևանների նկատմամբ և վերջ»,-ասաց նա։
Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից լսում ենք նույնանման հայտարարություններ, որ պետք է կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Կարապետյանն ասում է՝ պետք է ուշադրություն դարձնել կողմերի ձևակերպումներին։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշում է, որ պետք է հարցն ամբողջությամբ լուծվի։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ «ամբողջական» բառը բացակայում է։ Ստացվում է, որ նրանց համար մեկ է, թե ինչպիսի պայմաններ կառաջադրվեն։ Ռուսաստանը ձգտում է այնպիսի պայմանների, որ երկու պետություններից որևէ մեկն ապագայում չունենա ցանկություն սկսել ռազմական գործողություններ։ Բայց այս դեպքում պետք է, որ ադրբեջանական կողմն ունենա քաջություն սա հասկանալու։ Այն, ինչ անում է Ադրբեջանը, արևմտյան ծրագիր է։ Կար Ղարաբաղը, Ադրբեջանը ձգտում էր դեպի Ռուսաստան, քանի որ գիտեր, որ առանց նրա չի կարող այդ հարցը լուծել։ Հայաստանում հայտնվեց այս իշխանությունը, որը գնում էր Արևմուտք, Ռուսաստանը մի կողմ քաշվեց, և եղավ այն, ինչ եղավ։ Հիմա Ռուսաստանը նորից առաջարկում է իր օգնությունը, Լավրովը հայտարարում է՝ պատրաստ ենք երաշխավոր լինել։ Խաղաղության յուրաքանչյուր պայմանագիր պետք է երաշխավոր ունենա։ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադարձնի ԼՂ հարցով միջնոդներին։ Կողմերը հայտարարում են, որ համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը, հետո Ալիևը սկսում է խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ «Խաղաղության պայմանագիրը» կլինի իրավական փաստաթուղթ, որտեղ նշված կլինի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Ահա, թե ինչու է այս փաստաթուղթը պետք Ադրբեջանին։ Այն խաղաղության համար պետք չէ նրան, այլ նվաճումներն ամրագրելու համար և առաջ գնալու: Իսկ իրականում պետք է լինի «Խաղաղության պայմանագիր», որը չի ստորացնի Հայաստանին։ Հակառակ դեպքում՝ կրկին պատերազմ կլինի, ընդ որում՝ ծանր պատերազմ երկու ազգերի համար էլ։ Մեր տարածաշրջան կգան երրորդ, չորրորդ երկրները, և այն կնմանվի Սիրիային։ Սիրիայում այսօր կա տարբեր երկրների ներկայություն, և տասը տարուց ավելի է՝ տեղի բնակչությունը տառապում է, նրանց շարունակում են սպանել։ Նույնը չպետք է թույլ տալ Հայաստանի պարագայում, պետք է արժանապատիվ պայմանագիր ստորագրել»,-ընդգծեց գեներալ-մայորը։