«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել և քննության է առել «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած՝
«Քույրը՝ փոխմարզպետ, եղբայրը՝ կառավարության աշխատակազմում. աղաղակող առերեւույթ կեղծիքներ՝ հայտարարագրերում» վերտառությամբ հոդվածը։
Գրել էինք. «Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը ներկայացնում է հայտարարագիր` նշելով, որ «Մերսեդես-Բենզ» ավտոմեքենան ձեռք է բերել 01.01.2018 թվականին։
Հաջորդ հայտարարագրով՝ այդ նույն «Մերսեդես-Բենզի» ձեռքբերման տարեթիվը դառնում է 13.06.2019 թվականը (մոտ երկու տարվա շեղում). այս կեղծիքի նպատակները կարող են լինել մի քանիսը, որոնք, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահները, եւ ոչ թե լրագրողները»:
Այս հրապարակման հիման վրա իրականացվել է Սուրեն Հովհաննիսյանի, Միլադա Հովհաննիսյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի՝ հրապարակմամբ արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների վերաբերյալ ստուգում, ինչի արդյունքում որոշում է կայացվել Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ նախաձեռնել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ՝ հաշվի առնելով 2023 թվականի տարեկան հայտարարագրում առերևույթ սխալ կամ ոչ ամբողջական տվյալների հայտարարագրված լինելու հանգամանքը։
Արդյունքում Հանձնաժողովը, 2025 թվականի հունվարի 20-ի որոշմամբ, Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ 200 հազար ՀՀ դրամի չափով։
Հոդվածում գրել էինք, որ Միլադա Հովհաննիսյանի եղբայրը Արայիկ Հարությունյանի օգնականն է։ Սուրեն Հովհաննիսյանը թեեւ ներկայացնում է համեստ` իսկը հեղափոխականի հայտարարագրած գումար` 4.9 միլիոն դրամ, սակայն, հանկարծ, հաջորդ տարի սույն պաշտոնյան ձեռք է բերում 30.5 միլիոն դրամով բնակարան Երեւանում։ Այստեղ պետք է հանուն արդարության նշել, որ Հովհաննիսյանը մյուս ՔՊ-ականների պես չի պահպանել ձեւական կողմը եւ չի արտացոլել ինչ-որ վարկ` իբրեւ գումարի ծագման աղբյուր։
Առավել ուշագրավ է քույր ու եղբոր փոխկապակցված անձի՝ նրանց հոր` Մկրտիչ Հովհաննիսյանի հայտարարագիրը, ըստ որի` նա չունի ոչ մի լումա դրամական միջոց, ոչ մի լումա աշխատավարձ կամ շահաբաժին, սակայն վերջինիս ֆեյսբուքյան էջից վերցված փաստերը, որպես օրենքի տեսանկյունից «երրորդ անձից ստացված տեղեկություն», արձանագրում են, որ փոխմարզպետի եւ եղբոր՝ կառավարության պաշտոնյայի հայրը տիրապետում է լուրջ բիզնեսների, խոշոր արտադրության համահիմնադիր է (լուսանկարները կցվում են)»։
49