24 Մայիսի, 2025

 «Հրապարակ»-ը գրում է.

Ջեբրայիլն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, ՔՊ-ն փորձելու է Էջմիածնի քաղաքապետ դարձնել։ Իշխանությունը մտադիր է երկրորդ անգամ խոշորացնել Վաղարշապատ համայնքը՝ միավորելով Խոյ համայնքի հետ։ Փաշինյանին հավատացրել են, որ 3 տարի Խոյ համայնքը կառավարած Մեխակյանն իր ընտրողների շնորհիվ կկարողանա հաղթել Վաղարշապատի ընտրություններում։

ՔՊ-ում միամտաբար կարծում են, թե Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը շարունակում է վայելել հորից «ժառանգած» վարկանիշը եւ այնքան «բոմբ» թեկնածու է, որ Էջմիածնում իրավիճակ կփոխի, եւ իրենք Փարաքարի ու Գյումրու դիմաց ռեւանշ կվերցնեն Էջմիածնում, նաեւ` Վանաձորում։ Ընդ որում, երկու համայնքում էլ ուզում են մարզպետներին առաջադրել: Սակայն իրականությունն ու Մեխակյանի մասին համայնքի բնակիչների ընկալումներն այլ են։ Մինչ որոշ ՔՊ-ականներ Արցախի կորստից հետո խզեցին կապն իշխանության հետ, Մեխակյանը վայր դրեց մանդատն ու 12 օր անց նշանակվեց Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա ՔՊ-ով ընտրվեց Խոյ համայնքի ղեկավար, իսկ 2024 թ․ դեկտեմբերի 5-ից մինչ օրս Արմավիրի մարզպետն է։

Եվ քանի որ Վաղարշապատում ՔՊ-ականները թեկնածու չունեն, իսկ Դիանա Գասպարյանի «պաշտոնանկությունից» հետո ՔՊ-ն համայնքում խեղճացել է, վարկանիշ էլ չունի, համայնքում հեղինակություն ունեցող քչերն են ցանկանում ՔՊ-ի հետ համագործակցել։ Ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սեւակ Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ էջմիածինցիները դեմ են խոշորացմանը։ «2021թ․ Վաղարշապատը խոշորացավ Ոսկեհատի հետ, եթե Խոյն էլ միացնելու կարիք կար, եւ եթե քաղաքական չէ այս ամենը, ՔՊ-ն իր աթոռի համար չի անում, այն ժամանակ ինչո՞ւ չարեցին, այլ հիմա են որոշել։ Ես դեմ եմ Էջմիածնի խոշորացմանը, դեմ են նաեւ շատերը։ Սա բացառիկ քաղաք է՝ որպես հոգեւոր կենտրոն, եւ պետք է նայել այլ աչքով»,- ասաց Խաչատրյանը։

Դիանա Գասպարյանի հեռանալուց հետո համայնքը ժամանակավորապես կառավարում է նրա տեղակալը՝ Արսեն Պետրոսյանը, որը դպրոցն ավարտելուց հետո որեւէ տեղ չի սովորել, բարձրագույն կրթություն չունի, իսկ դա պարտադիր է համայնքապետ առաջադրվելու համար։ Նա կշարունակի համայնքի կառավարումը մինչեւ ընտրություններ, ենթադրաբար՝ մինչեւ հոկտեմբեր։ Ավագանու այս կազմից ՔՊ-ն չի կարող համայնքապետ ընտրել, թերեւս վստահ չէ իր թիմակիցների վրա, որ ընդդիմադիր մեկին չեն տա իրենց ձայները։ Ավագանու անդամներից մեկն էլ Դիանա Գասպարյանի ամուսինն է՝ կրիմինալ պատմություններով հայտնի Արամայիս Միրզոյանը, որի օրերն էլ են հաշված` ընկերը մարդասպանության գործով հետապնդվում է, ինքն առայժմ որպես վկա է անցնում։

«Ե՛ւ վստահ չեն իրենց ավագանու վրա, ե՛ւ ավագանիում չունեն քաղաքապետի թեկնածու։ Չի բացառվում, որ ընտրություն են անցկացնում, որ ստուգեն Փաշինյանի վարկանիշը Վաղարշապատում»,- նշեց Սեւակ Խաչատրյանը։ Նա ասում է, որ որոշ հավաստի լուրերի համաձայն՝ որոշել են Խոյ համայնքն իր 17 գյուղերով միացնել Վաղարշապատ համայնքին եւ արդեն նոր, խոշորացված համայնքը տանել ընտրության:

Վաղարշապատում հարմար թեկնածու չունենալու բացը որոշել են կոմպենսացնել համայնքի խոշորացմամբ` Խոյ համայնքից թեկնածուի առաջադրմամբ: «Վստահ եմ՝ էջմիածինցին թույլ չի տալու այս կամայականությունը, եւ սա միայն էջմիածինցու խնդիրը չէ, սա համատարած խնդիր կդառնա: Եթե ժամանակին չկանխվի, մի գեղեցիկ օր կորոշեն, որ իրենց սրտի թեկնածուն, օրինակ, Մարտունուց կամ Իջեւանից է, եւ սույն տրամաբանությամբ պիտի խոշորացվեն այդ համայնքների հետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանը մայիսի 16-ին դիմում է գրել եւ հեռացել քաղաքապետի պաշտոնից։ Նա իր 7-ամյա պաշտոնավարման ընթացքում շարունակ հայտնվել է կոռուպցիոն սկանդալների մեջ, իսկ ամուսինը՝ քրեական պատմությունների։ Դիանա Գասպարյանի եւ ամուսնու ընտանիքի հետ կապված՝ Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ կա նախաձեռնված: Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է արել, ձեռք է բերել համայնքային հողատարածք եւ, չսպասելով թույլտվություններ ստանալուն, հողային եւ բետոնացման աշխատանքներ է կատարել: Վերջերս Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում սպանվել էր Էջմիածնի բնակիչ Արթուր Պարոնյանը, ըստ իրավապահների՝ կա կասկածյալ, նա Միրզոյանի ընկերն է՝ Վաղարշապատում հայտնի Ճապը, որ փախուստի մեջ է: Հարուցվել է քրեական վարույթ, սպանություն կատարող անձին դեռեւս չեն հայտնաբերել: Դիանա Գասպարյանի հետ կապված՝ Հակակոռուպցիոն հանձնաժողովը եւս վարույթ է իրականացրել եւ տուգանել` եկամուտների հայտարարագրման խախտումների հետ կապված: Իսկ մոտ 10 օր առաջ ՔՊ վարչությունում լսել են Գասպարյանի զեկույցը եւ խիստ քննադատության ենթարկել, որից հետո էլ նա հայտարարեց, որ հեռանում է` ուզում է իր ընտանիքով զբաղվել, եւ թողեց պաշտոնը, որը զբաղեցնում էր՝ սկսած 2018 թվականից:

Լրահոս