«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զբոսաշրջության բնագավառում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին օժանդակության ծրագիր հաստատելու մասին» նախագիծը։ Դրա ընդունման նպատակն է «հետվճար» (cashback) մեխանիզմի կիրառմամբ խթանել զբոսաշրջային այցելությունների թվի ավելացմանը, ինչպես նաև Հայաստանում անցկացվող գիշերակացերի թվի երկարաձգմանը։
Զբոսաշրջության ոլորտում հետվճարի մեխանիզմը կիրառվելու է հետևյալ պայմաններով. եթե զբոսաշրջիկները մեկ օրացուցային օրվա ընթացքում ձեռք են բերել տվ յալ զբոսաշրջային ծառայությունը մատուցողից առնվազն 30000 դրամի արժեքով ծառայություններ (ներառյալ ԱԱՀ), կամ զբոսաշրջիկների կողմից մեկ այլ ծառայություն մատուցողից ձեռք բերված ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 150000 դրամ, կամ եթե զբոսաշրջիկը ձեռք է բերել զբոսաշրջային փաթեթ, որի արժեքը կազմում է առնվազն 200000 դրամ։ Մեխանիզմը կիրառվելու է, եթե զբոսաշրջիկը Հայաստանում անցկացրել է առնվազն հինգ գիշերակաց, եթե զբոսաշրջիկը ծառայությունները ձեռք է բերել Հայաստանից մեկնելուց առնվազն 10 օր առաջ։ Օժանդակությունը չի տրամադրվում, եթե զբոսաշրջիկը ձեռք է բերել ծառայություն, որի դիմաց այս ծրագրի շրջանակում նախատեսված փոխհատուցման գումարը պակաս է 15000 դրամից։
Զբոսաշրջիկին փոխհատուցման ենթակա գումարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել 20000 դրամը, եթե նա ձեռք է բերել առանձին ծառայություններ, և չի կարող գերազանցել 30000 դրամը, եթե ծառայությունները ձեռք է բերել զբոսաշրջային փաթեթի շրջանակում։