«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, մեր տեղեկություններով, ցանկացել է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել Ստեփան Դեմիրճյանի կուսակցության ՀԺԿ-ի ցուցակով, սակայն մերժում է ստացել Դեմիրճյանից։ Մարությանի շրջապատից մեզ ասացին, որ նախկին քաղաքապետի հաշվարկը հետեւյալն է առաջադրվել չհեղինակազրկված կուսակցությամբ, իսկ Ստեփան Դեմիրճյանի կուսակցության ցուցակով մասնակցության պարագայում ՀԱԿ ակտիվը եւս կաջակցի։
Նշենք, որ, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ը դեմ չէր, որ Մարությանն իր ցուցակը գլխավորի, բայց Մարությանը նախընտրել է ՀԺԿ-ին դիմել։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին հարցրինք ճի՞շտ է, որ իր եւ Մարությանի միջեւ զրույց է եղել, բայց մերժել է։ Դեմիրճյանը հետեւյալ պատասխանը տվեց․ «Հայկ Մարությանը, ինչպես նաեւ որեւէ այլ թեկնածու, որը չի հանդիսանում ՀԺԿ անդամ, չի գլխավորելու մեր կուսակցության ցուցակը»։ Ինչ վերաբերում է ՀԺԿ-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելուն, ապա պարոն Դեմիրճյանը փոխանցեց, որ հարցն առաջիկայում կքննարկեն»:
Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: