«Պատերազմի բովով անցածներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, որևէ մեկինը մյուսին նման չէ, որևէ մեկը թե՛ պատերազմից առաջ, թե՛ դրա ընթացքում նույն կերպ չի ապրել, շատերի դեպքում նույնանման են զոհվելու հանգամանքները: Այսօր պատմելու ենք Արարատի մասին: Ծնունդով Հադրութի շրջանի Ցոր գյուղից են Արարատը և նրա ընտանիքը: Նախքան 44- օրյա պատերազմը մոտ յոթ տարի ապրել է Ռուսաստանում: Զբաղվել է սպորտով՝ մարտեր առանց կանոնների: Արարատի քրոջ դուստրը պատմում է՝ արդեն իսկ հաջողություններ էր գրանցել սպորտում՝ պատվոգրեր, մրցանակներ, իսկ վերջին տարիներին նաև մարզչի հավաստագիր էր ստացել:
Իսկ հետո պատերազմն ավարտվեց: «Բոլորով մեկ տան մեջ էինք ապրում: Էլ ավելի կապվեցինք իրար հետ»,-նշում է զրուցակիցս:
2021 թ.-ի գարնանը Արարատը և քրոջ որդին որոշում են անցնել պայմանագրային զինծառայության՝ «հետախուզությունում էին ծառայում»: Հետաքրքրվում եմ՝ իսկ Արարատը երբևէ ցանկություն հայտնե՞լ է զինվորական դառնալու: Լիլիթն արձագանքում է՝ քեռին ծառայել է զինված ուժերում, բայց զինվորական դառնալու մասին խոսակցություններ չի հիշում: Վստահ է՝ պայմանագրային դառնալու հիմնական պատճառը 44-օրյա պատերազմն էր: Ծառայության մեկ տարվա ընթացքում՝ 2022 թ.-ի տարեսկզբին, նշանակվել է հետախուզական խմբի ջոկի հրամանատար, պարգևատրվել է ԶՈւ լավագույն զինվոր-մարզիկ կրծքանշանով: Լիլիթը քեռու մասին լավագույն հիշողություններն ունի:
«Ընկերասեր էր, վերջին ունեցածը կտար ընկերոջը: Ինձ դուր էր գալիս իր բնավորության այն գիծը, որ մարդու երեսին ասում էր այն, ինչ մտածում էր: Նվիրված էր իր ընտանիքին, շատ էր մտածում ծնողների մասին: Հադրութից ենք, տուն ենք կորցրել: Ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, պետք է լավ տեղ ապրեք, շուտով տուն կվարձեմ, միասին կլինենք: Երևանում համարյա մեկ տարի ապրել ենք մի տան մեջ, մինչ այդ՝ նաև Ղարաբաղում: Ավելի մտերմացանք: Ինքն ինձ համար ուղղակի քեռի չէր, այլ եղբայր, ընկեր: Իրեն միշտ այլ կերպ եմ ընդունել, այլ կերպ էինք իրեն սիրում: Տարբերվող էր: Ասում են, չէ՞, Աստված լավերին է տանում, դա ճիշտ խոսք է: Նոր եմ հասկանում այդ խոսքերի իմաստը, ու, առհասարակ, շատ խոսքերի իմաստ չէի հասկանում, հիմա՝ պատերազմից հետո նոր սկսում եմ վերլուծել, հասկանալ: Հիմա արդեն սրտից արյուն կաթել խոսքը փոխաբերական իմաստով չեմ հասկանում, այլ ուղիղ»:
Հավելում է՝ առաջ, երբ դասերի համար Ստեփանակերտ էր գնում, Արարատն ու եղբայրն այնտեղ էին: «Այլ զգացողությամբ էի գնում, ճիշտ է՝ Հադրութը էլ քոնը չի, բայց քո հողն է, իրենք են այնտեղ: Իսկ հիմա ինչոր բան հետ է պահում, կարծես դատարկություն լինի: Ահավոր զգացողություն է: Իր տեղը որևէ մեկը չի կարողանալու լրացնել, չենք կարողանում համակերպվել այս ցավի հետ:
Միշտ մտածում էի՝ նորից վերադառնամ Հադրութ, հայրենիք կորցնելուց վատ բան չկար, բայց քեռուցս հետո, երևի, ամենավատ ցավը սա է, հետո նոր հայրենիք կորցնելը: Իրար հավասար զգացողություններ են, մեկը մեկից ցավոտ, մեկը մյուսից տարբեր, բայց անտանելի ցավոտ: Տուն եմ մտնում, մամայիս, տատիիս տեսնում, սիրտս լցվում է: Պապիս, որպես տղամարդ, չի կարողանում իր ցավն արտահայտել, բայց անտանելի հոգեվիճակում է: Մյուս քեռիս այլ կերպ է վերապրում ցավը: Այդ օրերին պապայիս ու եղբորս այնպիսի հոգեվիճակում տեսա, ինչպես երբեք չէի տեսել»: