Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը, 2021թ. հոկտեմբերին, գրասենյակի տնօրենի կողմից 20.000 ԱՄՆ դոլարը այլ երկրում գտնվող իր հարազատին փոխանցելուց և նրա նկատմամբ վստահություն ձեռք բերելուց հետո օրեր անց ևս 50.000 ԱՄՆ դոլար գումար է տվել նրան նույն եղանակով փոխանցում կատարելու համար։ Որոշ ժամանակ անձը գրասենյակի «ՎոթսԱփ» համարից ստացել է բանկային փոխանցման 2 կտրոնի նկար, ըստ որոնց, իբր, նրա անվամբ փոխանցվել է 28.000 ԱՄՆ դոլար: Սակայն բանկում նրան հայտնել են, որ ներկայացրած կտրոններով փոխանցում չի կատարվել: Պարզաբանումներ ստանալու համար դիմել է գրասենյակի տնօրեն ներկայացած անձին, ով տեղեկացրել է, որ աշխատողը, վերցնելով գումարները, փախել է:
Մեկ այլ դեպքում, 2022թ. մայիսին, օտարերկրացի անձը, նախապես ծանոթանալով ՀՀ-ից գումարների փոխանցմամբ զբաղվող վերոնշյալ անձի հետ, 2022թ. ապրիլին նրանց է տրամադրել 3000 ԱՄՆ դոլար, որը նույն օրը փոխանցվել է իրենց կողմից նշված հաշվեհամարին:
Վստահություն ձեռք բերելով այդ անձի նկատմամբ օտարերկրացի քաղաքացին նրան է վստահել ևս 42.600 ԱՄՆ դոլար գումարի փոխանցումը։ Սակայն վերջինս, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով վստահությունը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ, վերցված նշված գումարը չի փոխանցել և խաբեությամբ տիրացել են դրան։
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա որպես գրասենյակի տնօրեն հանդես եկած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (2 դրվագ)։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանքը:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել նախաքննության ավարտ և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Որպես գրասենյակի աշխատակից հանդես եկած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և հայտարարվել հետախուզում:
Հաշվի առնելով, որ ՀՀ-ում գտնվում են տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող բազմաթիվ անձինք, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների կողմից տվյալ երկրի քաղաքացիների հետ ունեցած գործարար կապերը ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ձեռնպահ մնալ զարտուղի ճանապարհով և մեխանիզմներով, անվստահելի անձանց միջոցով նման գործարքներ իրականացնելու փորձերից և այդ կերպ խարդախության զոհ դառնալու հեռանկարից։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: