3 Մարտի, 2023

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված ենթադրյալ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական գործը 2023 թվականի մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության վերաբերյալ հաղորդման առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Վարույթով պարզվել էր, որ Գ.Մ.-ն, զբաղեցնելով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականի պաշտոնը, համալսարանի վարչական շենքում հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով բարձրաձայն հնչեցրել էր անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ:

2022 թվականի դեկտեմբերի 27-ին հսկող դատախազը քրեական հետապնդում էր հարուցել Գ.Մ.-ի նկատմամբ. Գ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

 

Լրահոս