ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ն, իմանալով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության «Կ.Ա.Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի դիպլոմ: Այնուհետև այն փաստաթղթաշրջանառության մեջ դնելով ներկայացրել է Արտաշատ համայնքի ղեկավարին և վերջինիս 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ նշանակվել ու մինչ օրս հանդիսանում է Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար:
Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Գ.Ս.-ն չի ուսանել «Մոսկվայի Կ.Ա.Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա» Դաշնային պետական կրթական հաստատությունում և նրա անձնական գործերում եղած համապատասխան սերիայի դիպլոմ, կոնկրետ գրանցման համարով, նշված բուհի կողմից չի տրվել:
Նրա նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: