Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով հաստատվում է, որ սպանված երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է եղել։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ վարույթի շրջանակում նշանակված դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատամատնադրոշմային, դատագենետիկական, դատահոգեբուժական փորձաքննությունների եզրակացություններն ստացվել են:
Եզրակացությունների վերաբերյալ տվյալներ իրավապահները չեն հայտնում, սակայն մեր ունեցած տեղեկություններով դատակենսաբանական փորձաքննությամբ արձանագրվել է, որ երեխայի նկատմամբ բռնությունը կատարվել է մեղադրյալ Վրույր Բարսեղյանի կողմից։
Այլ մանրամասներ գործի վերաբերյալ առ այժմ հայտնի չեն։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
«Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին վարույթի համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու վերաբերյալ: Այդ նպատակով հետաքննության մարմնի կողմից իրականացվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այլ տվյալներ չեն կարող տրամադրվել»,- տեղեկացրին ՔԿ-ից։
Նշենք, որ մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանները կալանքի տակ են։ Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք արդեն ներկայացվել էր, սակայն դատարանի որոշումը դեռևս հայտնի չէ։ Արկադի և Վրույր Բարսեղյանների մասնակցությամբ կալանքի ժամկետի երկարացումից հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են մայրը 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում:
Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը 41-ամյա տղամարդ։