Մասնավորապես պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից Հ. Խ.-ն, արգելված իրեր հանդիսացող հեռահաղորդակցության կապի միջոցներ, այդ թվում բջջային հեռախոսներ ու լիցքավորման սարքեր ՔԿՀ տարածք տեղափոխելու և դատապարտյալներ Ռ. Ե.-ին ու Վ. Հ.-ին փոխանցելու դիմաց 2022 թվականի հունվարին նրանցից ընդունել է խոշոր չափերով կաշառքի առաջարկը։ Այնուհետև հիշյալ դատապարտյալների կանայք, ձեռք բերելով բջջային հեռախոսներն ու դրանց լրակազմի մեջ մտնող իրերը, դրանք նախապես պայմանավորված վայրերում տարբեր օրերի հանձնել են ՔԿՀ պաշտոնյային: Վերջինս էլ այդ արգելված իրերը տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ և հանձնել դատապարտյալներին: Նշված ապօրինի գործողության համար դատապարտյալներն իրենց կանանց միջոցով ՔԿՀ պաշտոնատար անձի տրամադրած բանկային հաշվեհամարին պարբերաբար որպես կաշառք փոխանցել են տարբեր չափերի, ընդհանուր 2.827.800 գումար:
Ընդ որում նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված կաշառքի գումարից 60.000 ՀՀ դրամը Հ. Խ.-ն ստացել է խմբի կազմում նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Ա. Գ.-ի հետ միասին: Հ. Խ.-ն վերջինիս խնդրել է ապահովել իր անխոչընդոտ անցումը քրեակատարողական հիմնարկի հատուկ պահպանման գոտի արգելված իրեր անցկացնելու համար, որի համար 60.000 ՀՀ դրամը որպես կաշառք փոխանցել է Ա. Գ.-ի բանկային քարտին:
2022 թվականի մայիսի 7-ին դատապարտյալներից մեկին արգելված իր հանդիսացող հեռահաղորդակցության կապի միջոցների նոր խմբաքանակը (14 բջջային հեռախոս) փոխանցելու համար Հ. Խ.-ն, հերթական 300.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելուց հետո, դրանք կրկին փոխադրել է «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն հսկիչ-անցագրային կետով անցկացնելիս բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Հ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, Ա. Գ.-ին 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՔԿՀ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար դատապարտյալներ Ռ. Ե.-ին և Վ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Կաշառք տալուն օժանդակելու համար մեղադրանք է ներկայացվել նաև դատապարտյալների կանանց:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել և ուղարկվել է դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: