1 Մարտի, 2023

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով շարունակվում են բացահայտվել մեծ չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր:

Մասնավորապես, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ. փետրվարի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է տարօրինակ և ոչ ադեկվատ վարքագիծ։ Վարորդը, մեքենայում գտնվող մյուս երեք ուղևորները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության բաժին:

Պարզվել է նշված անձանց ինքնությունը: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է նրբաթիթեղով, ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, ընդհանուր 12,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ 16 փաթեթ, նարնջագույն և դեղին շուրջ 100 դեղահաբ:

Հայտնաբերված փաթեթներից 1-ում առկա փորձաքննության ենթարկված զանգվածը, ինչպես նաև նախնական զննության և որակական հետազոտության ենթարկված 3 փաթեթիկներում առկա զանգվածները եղել են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Հայտնաբերված զանգվածի, հաբերի մնացած մասով նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել։

Նշված անձանցից 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ այլ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն 41-ամյա տղամարդը ձեռք է բերել և իր մոտ պահել առանձնապես խոշոր չափերով 5,57 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է 2023թ. փետրվարի 24-ին վերջինիս անձնական խուզարկությամբ բաճկոնի գրպանից:

41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հնարավոր իրացման մեխանիզմները պարզելու, ինչպես նաև վերոնշյալ մյուս անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Լրահոս