ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Պարզվել են դեպքի էական հանգամանքները:
Պարզվում է Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակիչը, նպատակ ունենալով զբաղեցնել Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ նշված պաշտոնն զբաղեցնելու պարտադիր պահանջներից է նաև բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հաստատող փաստաթղթի առկայությունը, ձեռք է բերել իրավաբանական նշանակություն ունեցող և իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ դիպլոմ, դիպլոմի հավելված հանդիսացող դասաժամերի և գնահատականների վերաբերյալ ներդիր, որոնք ներկայացրել է Տաշիրի համայնքապետարան։ Դրանց հիման վրա Տաշիր համայնքի ղեկավարի 2022 թ. դեկտեմբերի 1-ի կարգադրությամբ անձը նշանակվել է Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավար։
Վերջինիս կողմից ներկայացված Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքի Սիբիրի պետական տեխնոլոգիական համալսարանի կողմից տրված դիպլոմի ուսումնասիրությունը, սակայն, հիմք է տվել կասկածելու դրա իսկությանը, որի վերաբերյալ նշված ուսումնական հաստատություն կատարվել են հարցումներ:
Պարզվել է նաև վարչական ղեկավարի տվյալներով անձ երբևէ չի սովորել հիշյալ ուսումնական հաստատությունում, և ներկայացված համարի դիպլոմ առկա չէ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Կեղծ դիպլոմ պատրաստելու և իրացնելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: