29 Մարտի, 2017

«ՕՐՕ» դաշինքն այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո երթ անցկացրեց, որն անցավ Երեւանի կենտրոնական փողոցներով եւ հետ վերադարձավ Ազատության հրապարակ: Երթն առաջնորդում էին «ՕՐՕ» դաշինքի ղեկավարներ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը: Նրանց հետ էր նաեւ Օհանյանի կինը Ռուզաննա Խաչատրյանը. վերջինս թեւանցուկ էր արել ամուսնուն եւ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանին:

Երթի մասնակիցները ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ազատության պահանջով վանկարկումներ էին հնչեցնում: Երթի ընթացքում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ինչու է որոշել գալ եւ մասնակցել հանրահավաքին Ռուզաննա Խաչատրյանը պատասխանեց. «Ես միշտ Սեյրան Օհանյանի զինակից, գաղափարակից եւ կյանքի ընկերն եմ, որտեղ կլինի նա, այնտեղ կլինեմ ես»:

Լրագրողը հարց ուղղեց նաեւ մամուլի հրապարակումների մասին, ըստ որոնց հնարավոր է ձերբակալվի Սեյրան Օհանյանը: Մինչ Խաչատրյանը կպատասխաներ հարցին Օհանյանը միջամտեց. «Ֆանտազիայի ժանրից է»: Ինքը Ռուզաննա Խաչատրյանն ասաց, որ արհամարհում է այդպիսի հրապարակումները եւ խորհուրդ է տալիս մամուլին այդպիսի սադրիչ գործողություններով չզբաղվել:

Անդրադառնալով իրեն վերաբերող մամուլի բազմաթիվ հրապարակումներին Խաչատրյանն ասաց, որ իր դեմ արշավ են սկսել իշխանությունները.

«Ես այսօր գտնում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետեւ իշխանության ղեկին գտնվում են մարդիկ, որոնք կազմակերպում են այդ տեղեկատվական տեռորը ընտանիքների եւ հատկապես կանանց հանդեպ, որոնք ունեն մանկահասակ երեխաներ, եւ եթե անհրաժեշտություն լինի ես մամուլով ելույթ կունենամ եւ կներկայացնեմ որոշակի փաստեր եւ կապացուցեմ ովքեր են դրա կազմակերպիչները»:

«Ազատության» լրագրողի հարցին, թե ի՞նչ կասի իրեն ուղղված այն «մեղադրանքների» մասին, որ ճոխ եւ շվայտ կյանքով է ապրում, տիկին Ռուզաննան ասաց. «Ընտանիքը եթե գեղեցիկ է, դա չի նշանակում, որ այդտեղ գումարներ են ներդրված»:

Լրահոս