12 Մայիսի, 2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներմուծման և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի ևս մեկ մաքսային տեսուչ: Վերջինս ձերբակալվել է անհատ ձեռնարկատիրոջից կաշառք ստանալու և նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու կասկածանքով: Ըստ նախաքննության նյութերի` մաքսային տեսուչը կաշառքի դիմաց հիշյալ անձին թույլ է տվել սահմանված կարգի խախտմամբ միրգ-բանջարեղեն ներկրել հանրապետություն:

Մինչ այդ Հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները որոշ անհատ ձեռնարկատերերի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար խմբի կազմում` նախնական համաձայնությամբ նրանցից կաշառք են ստացել, որի հետևանքով առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրվել է օրենքով սահմանված թույլատրելի չափաքանակը գերազանցող (50 կգ) տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս