22 Փետրվարի, 2023

Ինչպես արդեն տեղեկացրել էին, այսօր ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն` «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Ի.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Ի.Մ.-ն, հանդիսանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն դիտավորությամբ կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ և օգտագործել այն:

Մասնավորապես 2019 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Ի.Մ.-ն կազմել է կեղծ հրաման, որով ի պաշտոնե իր որպես ՓԲ ընկերության տնօրենի «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տարածքի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության համար ստանձնած պարտականությունը 2019 թվականի փետրվարի 1-ից փոխանցվել է ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ին:

Նշված կեղծ փաստաթղթով, Ի.Մ.-ն ազատել է իրեն «Սուրմալու» առևտրի կենտրոնի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության կանոնները պահպանելու պարտականությունից և դրանց խախտման արդյունքում առաջացած հետևանքների համար նախատեսված պատասխանատվությունից:

Այնուհետև, Ի.Մ.-ն կեղծ հրամանը, ներկայացրել է քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննիչին:

Բացի այդ Ի.Մ.-ն, 2012 թվականից հանդիսանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն և ունենալով հրդեհային անվտանգության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պարտականություն, խախտել է «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով նախատեսված մի շարք դրույթներ, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոններ:

Ի.Մ.-ն նաև չի ապահովել օրենսդրությամբ սահմանված և նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջներն ու օբյեկտի հրդեհային պահպանությունը, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարումը, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով, չի իրականացրել պահեստների և շինությունների տեղաբաշխումը, չի մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ, սարքին վիճակում չի պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, այդ թվում` հրդեհաշիջման առաջնային միջոցները, որոնց հետևանքով անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք պատճառելով 566 մլն 329 հազար 823.5 դրամ գույքային վնաս:

2023 թվականի փետրվարի 13-ին քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Ի.Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին (առևտրային կամ այլ կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կամ իրավունք վերապահող կամ պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելը կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակով կեղծ դրոշմ, կնիք կամ ձևաթուղթ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ օգտագործելը և հրդեհային անվտանգության` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):

Ի.Մ.-ն 2023 թվականի փետրվարի 22-ին ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս