«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ հայտարարություն են տարածել.
«Այսօր մենք ավելի շատ պետք է մտածենք նրա ինքնազոհաբերության համազգային ուղերձի մասին ամեն գնով ու ոչինչ չխնայելով մեր ջանքերը համախմբել հանուն գաղութային վարչակազմի հեռացման, Արցախի իրավական միացման, պետական ինքնիշխանության եւ ժողովրդավարության:
Սրանք քայլեր են, որ պետք է կազմեն մեր համազգային օրակարգը նախադրյալներ ստեղծելով Կուր-Արաքսյան նոր հանրապետության կայացման եւ Հայրենիքի ամբողջական վերատիրացման ու հայության բոլոր իղձերի իրականացման համար»,-նշված է հայտարարության մեջ:
Ըստ Սեֆիլյանի եւ Ավետիսյանի Արթուր Սարգսյանին «տանջամահ անելով, գաղութային վարչակազմն ուզեցավ սպանել մեր այս իղձերը»:
«Սակայն Արթուրն իր կենսահավատ վճռականությամբ կյանքի գնով հաղթեց մահին եւ, անմահների շարքն անցնելով, ոգեշնչեց եւ ուժ տվեց բազմահազար պայքարողներին:
Արթուրն իր օրինակով նաեւ վերասահմանեց եւ բոլորիս որպես պատգամ թողեց մարդու, հայի եւ քաղաքացու այն անհրաժեշտ չափանիշները, առանց որոնց մենք դատապարտված էինք լինելու»,ասված է հայտարարության մեջ:
Ցավակցություն հայտնելով Արթուրի հարազատներին եւ մեր ժողովրդին, Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը կոչ են անում հավատարիմ մնալ կյանքը չխնայելով մեզ Հաց ու Հավատ բերած նրա բազմախորհուրդ պատգամին»:
Նյութի աղբյուրը ` hraparak.am