6 Սեպտեմբերի, 2022

«Փաստ» օրաթերթը գրում է .

«Այսպես կոչված, «բեթինգի գովազդի» փաստացի արգելման մասին օրենքը, որ ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 11-ից, լուրջ քննադատությունների տեղիք է տվել մասնագիտական շրջանակներում: Շատերի կարծիքով, օրենքը որևէ օգուտ չի տալու, փոխարենը մեծ վնասներ է հասցնելու սպորտին, լրատվամիջոցներին ու ՀՀ տնտեսությանը:

«Խնդիրն այն է, որ սահմանափակումները փաստացի վերաբերում են հայկական ընկերություններին: Սա նշանակում է, որ պարզապես գովազդի վերաբաշխում է լինելու, քանի որ հարթակների մեծամասնությունը, ուր այցելում են հայաստանցիները, հայկական չեն: Օրինակ ռուսաստանյան օնլայն կինոթատրոններ են, և այնտեղ պարզապես արտասահմանյան խաղատների ու խաղադրույքներ կատարելու կայքերի գովազդ է:

Այսինքն, մարդիկ այդ գովազդից, առնվազն ինտերնետով, մեծ հաշվով, չեն ազատվելու, ուղղակի գումարը կվերաբաշխվի, կգնա ուրիշ ընկերությունների, որոնք Հայաստանում չեն»,-«Փաստի» հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հավելելով, որ սա, իհարկե, նաև խնդիր է սպորտի համար, լուրջ խնդիր է նաև մամուլի համար, քանի որ օնլայն գովազդի մեծ մասը կրկին այդ ընկերություններից է:

«Կարծում եմ լուրջ անկում է ունենալու օնլայն գովազդը: Առնվազն նրանք, ովքեր կգան փոխարինելու, այդ նույն բյուջեները, ըստ իս, չեն ծախսի: Այս առումով առնվազն պետք է հաշվի առնել նաև մամուլի ֆինանսական անկախության հարցը: Եթե այս արգելքը մտնում է պետք է հաշվի առնել այլ լծակներով լրատվամիջոցներին օժանդակելու հարցը»,-ասաց Մարտիրոսյանը նշելով, որ, իհարկե, կարևոր հարց է այն հանգամանքը, երբ խաղադրույքներ կատարելը համատարած է դառնում, մարդիկ վարկով խաղադրույքեր են անում, տուն են վաճառում:

«Իհարկե, լուծումներ պետք է գտնել,-ասաց մեր զրուցակիցը,- օրինակ եվրոպական երկրներում կան լուծումներ. այսպես կոչված, ավելի պատասխանատու խաղադրույքների ոլորտ ձևավորելու մասին է խոսքը: Այս դեպքում ոչ թե գովազդի ոլորտում, այլ յուրահատուկ ձևով սահմանափակումներ են մտցնում խաղադրույք դնողների համար, որպեսզի թույլ չտան, որ մարդն իր ամբողջ ընտանիքի բյուջեն կարողանա ծախսել խաղադրույքների վրա: Այսինքն, ամեն դեպքում, մեկ որոշմամբ հարցը հաստատ չի լուծվի»: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ նշում է, որ շուկայական հարաբերությունների պայմաններում գովազդը, որպես այդպիսին, պետք է լինի: «Գովազդը, որպես այդպիսին, չի կարող որոշիչ դեր խաղալ այդ ծառայություններից օգտվողն, այսպես թե այնպես, կգնա այդ քայլին:

Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից պետք է վարվի այնպիսի բացահայտ կամ ոչ բացահայտ քաղաքականություն, ըստ որի ռացիոնալ դաշտից հեռացող քաղաքացիները կբերվեն արդյունավետության դաշտ: Այսինքն, յուրաքանչյուր քաղաքացի կաշխատի իր պոտենցիալով, կստեղծի հավել յալ արժեք, հակառակ պարագայում մենք տրիվիալ, հասարակ սպառողներ ենք դառնում, իսկ երկիրը վերածվում է խաղատան»,-մեզ հետ զրույցում ասաց Բոստանջյանը:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս