28 Հունիսի, 2023
Այս գիշեր Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված երկու զինծառայողները՝ Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանը, Մարտունու շրջանի Գիշի գյուղից էին, իսկ Սամվել Թորոսյանը և Երվանդ Թադևոսյանը՝ Մարտակերտից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը։

Գյուղապետը նաև հայտնեց, որ Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանը կամավորականներ էին, ծառայության նոր էին անցել։

«Դեպքի ժամանակ Աբգարյան Արմոյի տղան իր հետ է եղել դիրքերում։ Մի կրակոց է եղել, հետո ԱԹՍ-ով խփել են, դա արդեն հաստատված տեղեկություն է, որ ԱԹՍ-ի հարվածից են զոհվել»,- պատմեց Աղաբեկյանը։

Նրա փոխանցմամբ՝ զոհվածներն ամուսնացած էին, երկուսն էլ բացմազավական ընտանիքներ ունեին։

«Արմոյի երեխաները՝ 2-ը չափահաս են, 2-ը՝ անչափահաս, Գագիկի երեխաները բոլորն էլ անչափահաս են։ Գագիկը զոհվածի տղա էր, 90-ականներին հայրը զոհվել էր։ Ուրբաթ օրն էր դիրք բարձրացել։ Գագիկը շատ լավ տղա էր, տանջվող, չարչարվող տղա էր»,- մանրամասնեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

 

 

kotayk

Լրահոս