11 Հոկտեմբերի, 2023
Ռուսաստանը բավական ակտիվ աշխատել է և շարունակում է աշխատել, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը, չնայած բոլոր դժվարություններին, լուծվի ներգրավված բոլոր կողմերի համար արդար հենքի վրա։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղի իշխանության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք արդիական հարցեր։

«Առանց դրա դժվար է տևական խաղաղություն հաստատել, իսկ մեր նպատակն է, որ այստեղ խաղաղություն լինի։ Հատկապես այն մարդկանց համար, որոնք վերջին տասնամյակներում շատ են տառապել ու հանգիստ կյանք են ուզում իրենց և իրենց երեխաների համար և որոշակի վստահություն ապագայի հարցում», – ընդգծել է դեսպանը։

Կոպիրկինը նշել է, որ փորձել է տեղի ղեկավարությանը ազդակներ փոխանցել այն մասին, որ ՌԴ–ն ակտիվ և հետևողական քայլեր է ձեռնարկել և ձեռնարկելու խնդիրների լուծման հարցում օգնելու համար։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Հայաստանն ու հայ ժողովուրդը, այդ թվում` ԼՂ հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ Մենք շատ սերտ ենք կապված։ Այն իրավիճակն ու այն ցավը, որն ապրում է ժողովուրդը, ընկալում ենք որպես մեր սեփականը։ Ով ինչ էլ ասի` Ռուսաստանն անտարբեր չէ այդ ամենի նկատմամբ և իր գործողություններով ցույց է տվել, ցույց է տալիս և ցույց կտա, որ սա շատ կարևոր երկիր և ժողովուրդ է, որոնց հետ հազարամյակներով հարաբերություններ է կառուցել և մտադիր է հետագայում ևս անել դա»,– նշել է դիվանագետը։

Կոպիրկինը վստահեցրել է, որ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է օգնել դրանց լուծման հարցում` առաջնահերթ կենտրոնանալով մարդասիրական բնույթի հարցերի վրա։ Այդ կապակցությամբ դիվանագետը դրական գնահատեց Ռոսսոտրուդնիչեստվոյի արձագանքը տեղահանվածների առաջնային կարիքներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

kotayk

Լրահոս