5 Հոկտեմբերի, 2023
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության: Միաժամանակ, ՄԻԵԴ-ը Ղազարյանը և Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի գործով կայացրել է խախտում արձանագրող վճիռ:

Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։

Մասնավորապես, Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր դիմումատուի որդու (Ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայող) դիակը ՀՀ կողմից Ադրբեջանին վերադարձնելու ենթադրյալ ձգձգումներին ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ՀՀ կողմից թույլ չի տրվել կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների խախտում, իսկ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածի ներքո ներկայացված դիմումատուի պահանջը ՄԻԵԴ-ը ճանաչել է անընդունելի:

Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի: Այս գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուների ամուսինները՝ Ասգարովը և Գուլիևը, որոնք դատապարտվել էին Լեռնային Ղարաբաղում, չեն գտնվել այնպիսի բացարձակ մեկուսացման մեջ, որը զրկեր նրանց իրենց հարզատենրի հետ շփումից: Նրանց նկատմամբ ցոցաբերվել է նույնպիսի վերաբերմունք ինչպես մնացած դատապարտյալների նկատմամբ: Ավելին, նրանք զրկված չեն եղել ՄԻԵԴ դիմելու համար իրենց հարազատներին կամ որևէ իրավապաշտպանի լիազորագիր ներկայացնելու հնարավորությունից:

Ալիևն ընդդեմ Հայաստանի և Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի գործերով, որոնք վերաբերում էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի՝ պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղի ունեցած վերը նշված ենթադրյալ խախտումների նկատմամբ իր իրավազորության բացակայության հիմքով: Նույն հիմնավորմամբ անընդունելի են ճանաչվել նաև Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի և Օհանյանն ընդդեմ Ադրբեջանի գործերը:

kotayk

Լրահոս