Վիրավորված եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ-ի աջակցության հիմնադրամին ֆինանսապես աջակցելը կամավոր է: «Իրավունք»-ի տեղեկություններով, սակայն, ԱԺ-ի մի շարք աշխատակիցների` հավաքարարների, վարորդների աջակցությունը ոչ թե կամավոր, այլ, ինչպես ասում են, պարտադիր-կամավոր սկզբունքով է: Ասել է թե` բոլորին հրահանգվել է ամեն ամիս աշխատավարձի մեկ տոկոստը «կամավոր» փոխանցել այդ հիմնադրամին: Ավելին` պատգամավորների վարորդների մի մասը միայն բանավոր են համաձայնել աջակցել, սակայն նրանց աշխատավարձից եւս պահումներ արվել են, որն էլ անակնկալի է բերել նրանց: Տեղեկությունների իսկությունը ճշտելու համար դիմեցինք Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին: Վերջինս ասաց. «Մեր աշխատողներն ավելի լավ մարդիկ են, քան դուք մտածում եք»:
Ինչ վերաբերում է բանավոր համաձայնությամբ աշխատավարձից պահում անելուն, Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի հավաստիացմամբ, եթե ԱԺ-ի աշխատակիցը դիմում չի գրել, չի կարող փոխանցում լինել:
Ի դեպ, Բաբայանը հավաստիացրեց` մինչ օրս հրաժարվողներ հիմնադրամից չեն եղել:
Հիշեցնենք` հիմնադրամ ստեղծելու գաղափարն առաջացավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը առաջարկել էր վիրավոր եւ զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության համար ստեղծել հիմնադրամ: ԱԺ-ի աշխատակազմի աշխատակիցները համաձայնել են իրենց աշխատավարձի մեկ տոկոսը փոխանցել հիմնադրամին, որտեղ նոյեմբերի 17-ի դրությամն հավաքվել է 2.036.080 դրամ: