Երեկ` փետրվարի 8-ին, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը մինինգոկոկցեմիա կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 19-ամյա Հայկ Հակոբյանը:
Նշենք, որ մենինգոկոկցեմիան (մենինգոկոկային սեպսիսը) սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչը մենինգոկոկերն են: Ինֆեկցիայի աղբյուրը հիվանդ մարդիկ և բակտերիակիր մարդիկ են: Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, վարակվելու համար անհրաժեշտ է սերտ շփում հիվանդի կամ բակտերակրի հետ:
Հիվանդության ընթացքում առաջնային բորբոքային աղբյուրից մենինգոկոկերն անցնում են արյունատար հուն և այնտեղ արագ բազմանում: Ինֆեկցիայի տարածմանը նպաստում են բազմաթիվ գործոններ` օրգանիզմի իմունային վիճակից մինչև հարուցիչների ինֆեկցիոնությունը: Հիվանդությունն ընթանում է կայծակնային, անկանխատեսելի և միշտ շատ բարդ` հաճախ մահացու ելքով:
Araratnews.am-ը փորձեց մանրամասներ պարզել, թե ի՞նչ ախտանշաններ են զինվորի մոտ նկատվել, ինչպե՞ս է նա ձեռք բերել հիվանդությունը, և դեպքից հետո կանխարգելիչ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել հետագայում վարակի տարածումից խուսափելու համար: Մեզ հետ զրույցում ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը միայն նշեց, որ համապատասխան միջոցներ ձեռնարկվել են, իսկ մնացած հարցերին, ինչպես միշտ, պարոն Հասրաթյանն այդպես էլ չպատասխանեց. «Դեպքի հետ կապված ինչ պետք է հաղորդվեր` հաղորդված է»: