Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին, Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստի շրջանակում, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհավորել է Աննա Վարդապետյանին և ՀՀ դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին Հայաստանում դատախազության կազմավորման 105-ամյակի կապակցությամբ:
ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գլխավոր դատախազին Խորհրդի նիստին մասնակցելու և գործընկեր երկրների հետ կոռուպցիայի դեմ պայքարի հայկական փորձով կիսվելու համար:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հանդիպման համար և անդրադարձ կատարել իրավական օգնության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև այլ թեմաների, որոնք վերաբերել են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումներին, կրթական ծրագրերով համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին ուղղված կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարին: