27 Մարտի, 2024

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աբսուրդ է համարում լուրերը, թե «Արարատ» գործարանից արտահանվող կոնյակի արգելումը կապված է Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպման հետ։

Ավելին, նա ընդհանրապես չի կարծում, թե իր և Տիխանովսկայայի միջև տեղի ունեցածը կարելի է հանդիպում համարել։

«Մի միջոցառման ենք մասնակցել, որի ժամանակ դուրս ենք եկել, միջանցքում շնորհակալություն եմ հայտնել իրեն՝ Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նկատեց, որ ընդհանրապես, այդ միջոցառման ընթացքում շատ ակնհայտ էր ԵՄ և այնտեղ ներկա գործընկերների արձագանքներն ու արձանագրումները Հայաստանի վերաբերյալ։

«Պահ եղավ, երբ Ադրբեջանի գործընկերը բան ասաց, ես նույնիսկ կարիք չունեի պատասխանելու. իրենք իրար հերթ չտալով՝ պատասխանեցին, ԵՄ տարբեր փորձագետներ և ներկայացուցիչներ։ Ես պարզապես չէի կարող շնորհակալություն չհայտնել, թե իրեն, թե մյուս գործընկերներին, ովքեր դահլիճում Հայաստանի շահերը պաշտպանում էին»,- ընդգծեց Սիմոնյանը։

Նա հերքեց լուրերն այն մասին, թե իր և Տիխանովսկայայի միջև զրույց է եղել այն մասին, թե Հայաստանը քաղաքական ապաստան կարող է տալ Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվող Յարոսլավ Նովիկովին։

«Ոչ մի բան չենք խոսել մենք։ Ինչ-որ բաներ էին գրել, ես նույնիսկ այդ տղայի գոյության մասին չգիտեմ։ Էլ չեմ ասում, որ ինքը իրավասու չէ, որ ինչ-որ բաներ քննարկենք։ Ինքը այնտեղ հրավիրված հյուր էր»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ անլուրջ է համարում այն, որ Բելառուսի գործընկերները կարող էին դա հիմք ընդունել՝ հայկական կոնյակի ներմուծումն արգելելու համար։

kotayk

Լրահոս