14 Ապրիլի, 2025
«Ադրբեջանը հերթական անգամ է կրակում Խնածախում, որի հետեւանքով փամփուշտներ են դիպչում նաեւ գյուղի մշակույթի տանը: Սրանք հերթական կրակոցներն են՝ վերջին օրերին, բայց մի հատկանշականությամբ: Կրակոցները, համաձայն Հայաստանի ՊՆ հաղորդագրության, եղել են ապրիլի 13-ի գիշերը: Ապրիլի 12-13-ին Սյունիք էր այցելել Նիկոլ Փաշինյանը: Նա իհարկե իր այցի ընթացքում չի եղել Խնածախում, իսկ կրակոցների ժամանակ արդեն ընդհանրապես երեւի թե եղել է Երեւանում: Բայց հատկանշականն այն է, որ ադրբեջանցիները փաստորեն կրակել են Նիկոլ Փաշինյանի «հետեւից»»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա հակված է դիտարկել ոչ թե միայն «հերթական» կրակոցներ, այլ ըստ էության կրակոցներ «ի պատասխան» Փաշինյանի Սյունիք այցի:

«Ընդ որում, այստեղ առաջարկում եմ դիտարկել մի քիչ լայն շրջանակ, համենայն դեպս որպես սցենարային տարբերակ: Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցից անմիջապես առաջ տեղի է ունեցել հայ-իրանական համատեղ առաջին զորավարժությունը: Դրա մասին չմանրամասնեմ, թերեւս բոլորը լավ ծանոթ են արդեն: Միաժամանակ, համատեղ զորավարժությունը տեղի է ունենում Անթալիայում դիվանագիտական ֆորումի մեկնարկին, իսկ Փաշինյանի այցը Սյունիք՝ ֆորումի օրերի ընթացքում:

Այն, այս տարի ֆորումին Անկարան նկատելիորեն հաղորդել էր ներկայուցչականություն, արդեն իսկ անդրադարձել եմ: Կարող եք ծանոթանալ այս գրառման վերնամասի հղումով: Այդտեղ շոշափել եմ հարցը՝ իսկ Փաշինյանին հրավեր եղե՞լ է: Եթե հրավեր եղել է Վրաստանի վարչապետին, հազիվ թե չլիներ նաեւ Փաշինյանին: Հիշեցնեմ, որ հրավիրել էին նաեւ Իլհամ Ալիեւին: Հետեւաբար, մեծ հավանականությամբ ստացվում է, որ Փաշինյանը որեւէ պատճառաբանությամբ գերադասել է չմեկնել Անթալիա, փոխարենը լինել Սյունիքում՝ հայ-իրանական համատեղ վարժանքից հետո:

Սա իհարկե խորքային առումով կարող էր դուր չգալ Թուրքիային ու Ադրբեջանին: Բոլորովին նկատի չունեմ այն, որ հենց դրա համար էլ կրակել են Խնածախում: Պարզապես, այդ կրակոցները կամա, թե ակամա արտացոլում են այն քաղաքական համատեքստային շերտերը, որ առկա են ներկայիս ժամանակահատվածում»,-գրում է Բադալյանը։

Լրահոս