14 Հունվարի, 2025
Այս պահին ասել չեմ կարող, որովհետև աշխատանքային խումբ է աշխատելու Սահամանդևրության նոր տեքստի վրա, բայց փակ, գաղտնի պահելու մտադրություն չունենք, երբ սկսի հանձնաժողովն իր աշխատանքը, պարբերաբար, լուսաբանումներ կլինեն:

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց արդարդատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին՝ Սահմանադրության մեջ արդյոք մնալո՞ւ է հղումը Արցախի հիշտակումով:

Նախարարը նշեց, որ ի վերջո, չպետք է մոռանալ, թե Սահմանադրության նոր տեքստն ում միջոցով է և ում ընտրությամբ է ընդունվելու։ «Վերջնական տեքստը երբ լինի, ժողովուրդը կամ հավանություն է տալու այդ տեքստին, կամ հավանություն չի տալու»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց՝  այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման համար, և այդ մասին ասել է նաև Սահմանադրական դատարանը:

«Մեր դիրքորոշումը հստակ է, մենք Սահմանադրություն փոխելու խնդիր չունենք այն պատճառով կամ նրա համար, որ թվացյալ խնդիր կա այդտեղ, ո՛չ: Հիշեցնում եմ՝ Սահմանադրության փոփոխման, նոր սահմանադրություն ունենալու աշխատանքները ե՞րբ են սկսվել։ Բոլորս հիշում ենք չէ՞, երբ են սկսվել, հեղափոխությունից հետո պարբերաբար խոսվել է Սահմանադրությունը փոխելու կամ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին:

Հետո, երբ տեղի ունեցան բոլորիս հայտնի իրադարձությունները, որոշակի, այսպես ասած, մտահոգություններ բարձրաձայնվեցին որոշակի շրջանակի անձանց կողմից, և այդ մտահոգություններն ամբողջովին փարատվեցին Սահմանադրական դատարանի որոշմամբ»,- ասաց նա։

Նա նշեց, որ հանձնաժողովի աշխատանքները շուտով կվերսկսվեն:

Հարցին էլ՝ կազմը հանձնաժողովի կփոփոխվի՞, նա նշեց, որ չի կարող ասել, բայց հանձնաժողովի աշխատանքներում պետք է պահպանեն նաև քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավվածությունը:

 

 

Լրահոս