Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսական բաժինների ղեկավարների ուղեկցությամբ, աշխատանքային այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետության Նաին քաղաք, հանդիպել քաղաքապետ Հասան Շաֆիին։ Հայտնում են համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
Այցի հիմնական նպատակն էր նախանշել մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները և դրանց նոր մեկնարկը։
Աշխատանքային այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ այդ թվում՝ Նաինի մարզային իշխանությունների, տեղական արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և մշակութային հաստատությունների ղեկավարների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են տնտեսական, սոցիալական, զբոսաշրջային և ներդրումային ոլորտներում գործակցության հեռանկարները։
Հանդիպումները երկուստեք կարևորվել են նոր համագործակցություն ստեղծելու և հայ-իրանական բարեկամական կապերն առավել ամրապնդելու տեսանկյունից։
Հասան Շաֆիին, ընդգծել է, որ Գորիսը և Նաինն ունեն բազմաթիվ նմանություններ մշակութային, պատմական և զբոսաշրջային ներուժի առումով, ինչը ամուր հիմք է համատեղ աշխատանքի համար։
Երկու քաղաքներն էլ, լինելով մշակութային և զբոսաշրջային կենտրոններ, ունեն համագործակցության զարգացման մեծ ներուժ։
Առուշ Առուշանյանի այցը գործնականում կարևոր քայլ էր համատեղ ծրագրերի իրականացման համար՝ մշակութային միջոցառումների անցկացումից մինչև տնտեսական կապերի խթանում։
Ակնկալվում է, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն երկու քաղաքների միջև համագործակցության հետագա խորացմանը՝ բացելով նոր հեռանկարներ երկկողմ հարաբերությունների զարգացման համար։