«Ազգ» շաբաթաթերթը գրում է․
Օրվա ներքաղաքական գլխավոր թեմաները երեքն են՝ Գյումրիի քաղաքային ընտրություններ, գերեվարված պատանդների ազատարձակման հարց եւ «Խաղաղության պայմանագիր»: Երեքն էլ անցնում են (օգտագործենք դատաիրավական տերմինը) նույն գործով՝ իշխանությունը ամեն գնով ձեռքում պահելու տրամաբանությամբ, հակաօրինական, հակասահմանադրական, բռնատիրական մեթոդներով: Գյումրիում՝ գործադիր իշխանության կողմից ամենակոպիտ միջամտություններով, Բաքվի բանտում գտնվող մեր պատանդների նկատմամբ ազգային ու մարդկային պարտականությունների չկատարմամբ, իսկ Ալիեւի բռնապետության հետ այսպես կոչված «խաղաղության» բանակցություններում՝ զիջողականությամբ, ստրկամտությամբ:
Գյումրիի քաղաքային ընտրություններին անդրադառնալու առիթ դեռ կունենանք, բայց մինչ այդ զգուշացնենք ընդդիմադիր թեկնածուներին, որ «Քաղպայմանագիրն» ամեն ինչ անելու է, ներառյալ ծեծուջարդը եւ մյուս խժդժությունները, Հայաստանի 2-րդ քաղաքի բանալիները ձեռքին պահելու ուղղությամբ, որպես մոդել կրկնելու գնով 3-րդ քաղաքի՝ Վանաձորի օրինակը, օգտագործելով նաեւ, ինչպես միշտ, իր սիրելի՝ «պատերազմի» ուրվականը…
Ինչ վերաբերում է հաջորդ՝ պատանդների ազատարձակման խնդրին, հակառակ ԱԺ նախագահի պնդումներին, թե, իբր, նրանց հարցով զբաղվում են դիվանագիտական խորհրդապահության պայմաններում, ինչպես որ, իբր, զբաղվել են 44-օրյա պատերազմի 150 գերիների ազատման հարցում, մեր գերիները մնում են ադրբեջանական դատարանի ողորմածության տակ:
Գալով 3-րդ խնդրին՝ այսպես կոչված «Խաղաղության պայմանագրին», որն այս օրերին երկուստեք՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ եւ անդին քննարկվող, շեփորվող ու փնովվող գլխավոր հարցն է դարձել, ստորագրվելու դեպքում դառնալու է աղետ, Կարսի պայմանագրի նման երկար տասնամյակներ ափսոսանքի, զղջումի, անեծքի ու դատապարտման առարկա:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ