28 Մարտի, 2025

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պատասխանել է մեկ այլ թեկնածու Մարտուն Գրիգորյանին: Հիշեցնենք, երեկ վերջինս հայտարարել էր, թե, իբր, բացահայտել է, որ իշանությունները ուռճացնում են Վարդան Ղուկասյանին, արհեստական տոկոս են տալիս, և որ, իբր, Վարդան Ղուկասյանի միջոցով իշխանություններն ուզում են քաղաքը տանել: Հետաքրքրական է նաև, որ Մարտուն Գրիգորյանը որևէ փաստ կամ արգումենտ չի բերել, թե կոնկրետ ի՞նչ հիմքերով է անում իր այդ բացահայտումը։ Մարտուն Գրիգորյանը միևնույն ժամանակ հայտարարում է. «Կրելու եմ ու կրելուց հետո էլ, որպես գործող իշխանություններ, հետներդ աշխատելու եմ: Էնպես եմ աշխատելու, որ էրնեկ տաք էս օրվան, որ բարով ենք կալանավորել Մարտունի հորն ու տղուն, ու դրա արդյունքում գյումրեցիները ոտի ելան, Մարտունին ընտրեցին, ու էսպես քաղաքապետ ունեցանք, որ գործող իշխանություններին էլ հետը պարզճակատ էրավ իր ուժեղ քաղաքապետ աշխատելով»:

Վարդան Ղուկասյանն այսօր, ի պատասխան Մարտուն Գրիգորյանի հայտարարության, հանդես է եկել պատասխան-առաջարկով: Նա հայտարարել է, որ ընտրություններից հետո  կմիանա իրեն ընդդիմադիր համարող այն թեկնածուին, որն իրենից շատ ձայներ կստանա: Ընդ որում՝ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իր ավագանու անդամները կպաշտպանեն այդ թեկնածուին՝ առանց որևէ պաշտոն ուզելու:  «Եթե ես ձեզանից շատ ձայն ունեցա, որ էդքան մաքուր եք, հլը տեսնեմ դուք ինձ կմիանաք, թե ոչ», — հայտարարել է Վարդան Ղուկասյանը:

Նա ասել է, որ Մարտուն Գրիգորյանին ամենալավն է ցանկանում, բայց նաև խորհուրդ է տալիս հեռու մնալ իրենից. «Մենք սպասում ենք ձեր առողջ բանականությանը, և ես քեզ ցանկանում եմ ամենալավը, ամենաբարին, թեկուզ դու միշտ քարկոծում ես, միշտ թշնամական խոսում ես: Մեկ էլ մի բան ասեմ՝ ինձանից հեռու մնա: Ես ոչ թե քեզ ահաբեկում եմ, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես: Աստծո պատիժը կգա ձեր գլխին, մեղք եք: Դուք տեսաք, մեկին էլ էիք հովանավորում, թևերի տակ բաներ էիք դրել, Աստված ինչ պատիժ տվեց Մոսկվայում, դուք լավ գիտեք: Իմ հետևից ով ընկավ, լավ որ չի ունենա, ես ոչ թե ձեզ անիծում եմ, ոչ թե ձեզ վատ բան եմ ասում, այլ ես կաղոթեմ ձեզ համար, որ ձեզ Աստված իմաստություն դա, որ ինձանից հեռու մնաք, որ չպատժվեք: Իսկ մնացած քաղաքականության առումով կապրենք, կտեսնենք»,- նշել է Ղուկասյանը:

Մարտուն Գրիգորյանն էլ իր հերթին ասել է, որ իշխանության կողմից իրենց համար հակաքարոզչություն է հայտարարելը, թե ինքը, Ռուբեն  Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և մնացած ընդդիմադիր թեկնածուներն իրենց ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին․ «ՔՊ-ի ամբողջ տեղական իշխանություններն իրար հերթ չտալով՝ հարցազրույց են տալիս, թե Մարտուն Գրիգորյանը և մնացած ընդդիմադիր թեկնածուներն իրենց ձայները վերջում տալու են Վարդան Ղուկասյանին։ Այստեղից հետևություն, որ իշխանությունը կոնկրետ թիրախավորել է մեզ։ Այն գյումրեցիները, որոնք պատրաստ են Մարտունին, Ռուբենին, Կարենին ձայն տալ, բայց Վարդան Ղուկասյանին ձայն չտալ, հետևություն են անելու, որ եթե մեզ են ձայն տալու, բայց այդ ձայները գնալու են Վարդանին, ում իրենք չեն ուզում տեսնել քաղաքապետ, նստելու են տանը և չեն գնալու ընտրության»,- նշել է Գրիգորյանը։

 

Լրահոս