29 Մարտի, 2025
«Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են՝ այսօր տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը Քասախի արվեստի դպրոցում։ Սա արդեն շարժման 21-րդ հանդիպումն էր, որին մասնակցեցին 200 քասախցիներ` կրթարշավին միացած գաղափարակիցների թիվը հասցնելով 1692-ի։

«Հանդիպումը բացեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը իր բանախոսությամբ, որին հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի երկու բանախոսությունները` «Իմանալ` ինչպես» և «Իրական Հայաստան» խորագրերով:

Տիկին Հակոբյանն իր ելույթի ընթացքում կոչ արեց ներկաներին անընդհատ և անհագուրդ կրթվելը դարձնել վարակիչ և համընդհանուր արժեք: Պատմական ակնարկներ անելով և մեր մեծերին ցիտելով` նա նշեց, որ այն հնարավորություններն ու միջոցները, որ հիմա ունենք, երբեք չեն եղել: Ելույթներին հաջորդեց երաժշտական գեղեցիկ դադար՝ Քասախի արվեստի դպրոցի սաների և նվագախմբի մասնակցությամբ։

Իր բանախոսություններում վարչապետն ընդգծեց. «Ուզում ես փոխել կյանքդ՝ փոխիր ինքդ քեզ»,  հիշեցնելով, որ այսօր ամեն ինչ շատ արագ է փոխվում, և պետք է անընդհատ սովորել ժամանակակից աշխարհում մրցունակ մնալու համար։  Օգտվելով հայրենակիցների հետ անմիջական շփման այս հնարավորությունից` նա նաև անդրադարձավ իրական Հայաստանի գաղափարախոսությանը` ընդգծելով յուրաքանչյուրի  պարտավորությունն ու կարևորությունը երկրի զարգացման գործում։

Տիկին Հակոբյանը հանդիպման ավարտին ներկայացրեց նաև շարժման մասշտաբները, մի քանի կարևոր վիճակագրական տվյալներ, ինչպես նաև առաջիկա մարզային հանդիպումների օրերը՝ ընդլայնելով շարժման շրջանակները դեպի նոր համայնքներ:

Ապրիլի 5 – Արմավիր

Ապրիլի 8 – Երևան

Ապրիլի 12 – Մեղրի

Ապրիլի 19 – Թալին»,- տեղեկանում ենք տարածված հաղորդագրությունից, որում նաև առաջարկվում է «շարժմանը մասնակցելու և առաջիկա միջոցառումների և նախաձեռնությունների մասին առաջինը իմանալու համար» լրացնել հայտը։

Լրահոս