27 Մարտի, 2024

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ եթե Տավուշի շրջանի նշվող տարածքները չհանձնվի Ադրբեջանին, ապա նա կարող է հարձակվել։ Սիմոնյանը նկատում է, որ Ադրբեջանը դա բաց տեքստով է ասում:

«Իսկ ինչո՞ւ չհարձակվեն։ Իրենք դա բաց ասել են»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ զրույցում։

Սիմոնյանն ընդգծում է՝ Հայաստանի տարածքից, որևէ հատվածի հետ կապված սակարկման մեջ չեն մտնի, խնդիրն այն տարածքների մասին է, որ, ըստ Ալեն Սիմոնյանի, Ադրբեջանի իրավասության գոտում է, ոչ թե Հայաստանի;

Նա հիշեցրեց, որ 2 տարի է՝ միջանցքի մասին է խոսվում․ «Բա ինչու՞ դրա հետ կապված զիջման չգնացինք, որևէ քայլ չարեցինք, որովհետև ակնհայտ է, որ դա մեր իրավասության գոտում է»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Տավուշում սահմանազատում կատարելը և Ադրբեջանի և Հայաստանի պահանջն է, քանի որ այդ տարածում, նրա խոսքով, վիճելի շրջաններ չկան։

«Մեր ուզածը սահման ստանալն է․ այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնականաբար, ադրբեջանական զորքերը պետք է հայելային ձևով ետ քաշվեն, և դա պետք է տեղի ունենա ողջ սահմանի երկայնքով։ Որտեղ Հայաստանն է առաջ, Հայաստանը պետք է ետ քաշվի»,- ասաց ԱԺ նախագահը։

Հարցին՝ դա միաժամանակյա՞ գործընթաց կլինի, Սիմոնյանն ասաց, թե մանրամասների չի տիրապետում. «Նույն գործընթացի շրջանակներում պետք է լինի»։

kotayk

Լրահոս