Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյան
Մրգաշեն գյուղը շուրջ 16 տարի ղեկավարում է Արամայիս Արամյանը: Իր համագյուղացիների ձայների մեծամասնությամբ` նա համայնքի ղեկավար է ընտրվել 1999թ-ի նոյեմբերի 10-ից և մինչ այսօր անընդմեջ վերընտրվել է:
mnews.ам-ի լրագրողը Մրգաշեն գյուղական համայնքում գտնվելու ընթացքոմ հանդիպեց Արամայիս Արամյանին ու նրա հետ զրուցեց կատարված աշխատանքների, ձեռքբերումների ու դժվարությունների, ինչպես նաև նոր ծրագրերի շուրջ։
-Պրն. Արամյան հետաքրքիր է ի՞նչով է պայմանավորված անընդմեջ առաջադրում եք Ձեր թեկնածությունը և հաղթում, կարելի է ասել մրցակցությու՞ն չկա այս գյուղում…
-Իհարկե կա մրցակցություն, մշտապես ընտրություններին ունեցել եմ մրցակից, սակայն ինչպես տեսնում եք ձայների առավելագույն մեծամասնությամբ ընտրվել եմ համայնքի ղեկավար: Կարծում եմ իմ երկարատև աշխատանքի գաղտնիքը կայանում է նրանում, որ կարողացել եմ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ճանաչել ու հասկանալ իմ համագյուղացիներին: Մարդիկ երևի գնահատում են արված գործը:Խնդիրներ լուծելիս, աշխատանքներ կատարելիս միշտ լինում են խոչընդոտներ, բարդություններ: Մենք էլ, ցավոք, զերծ չենք դրանցից: Սակայն պատվով կատարում ենք մեր աշխատանքները, հաղթահարում խնդիրները: Կարևոր է, որպեսզի համայնքի ղեկավար դառնա նա, ով առավելապես վայելում է գյուղի բնակչության վստահությունը:
-Իսկ ի՞նչպես են ապրում Մրգաշենում…
–Համայնքն ունի 2400 բնակիչ :Գյուղացու հիմնական զբաղմունքը հողագործությունն է: Կարելի է ասել, որ մրգաշենցին իր ապրուստը գյուղատնտեսությամբ է ապահովում: Նաև այս առիթով ուզում եմ դիմել պատկան մարմիններին, որ օգնեն գյուղացուն բերքն իրացնելու հարցում. Ստացվում է, որ գյուղացին տառապանքով, տանջանքով աշխատում է, դառը քրտինքով ստեղծում է բարիք, որով կարողանա հոգալ իր ընտանիքի կարիքները, բայց, բերքի իրացման վայր չլինելու պատճառով բերքը հանձնում է վերավաճառողին, ով էլ, կոպիտ ասած, ավելի շատ եկամուտ է ունենում, քան մեր գյուղացին: Սա մտահոգիչ խնդիր է և շուտափույթ լուծում է պահանջում:Երևանին մոտ գտնվելը հնարավորություն է տալիս նրանց,ովքեր գյուղատնտեսությամբ չեն զբաղվում ,աշխատանք գտնել Երևանում:Արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծ չէ:Մրգաշենում նշվում են բոլոր տոներն ու կազմակերպվում միջոցառումներ:
-Կխնդրեի ներկայացնել Ձեր ղեկավարած համայնքը: Ի՞նչ կարևոր խնդիրներ են լուծվել Մրգաշենում:
-Այս տարիների ընթացքում միասնական աշխատանքի շնորհիվ,գյուղապետարանի աշխատակիցների ջանքերի արդյունքում ընթացիկ մի շարք խնդիրներ են լուծվել:Ասֆալտապատվել են միջհամայնքային ճանապարհները,վերանորոգվել է կոյուղին:Կապիտալ վերանորոգվել է Մրգաշենի միջնակարգ դպրոցը,մանկապարտեզը,բուժ ամբուլատորիան:Սպասարկման որակը բարձրացնելու նպատակով,նախատեսում ենք գազաֆիկացնել բուժ ամբուլատորիան,ինչպես նաև կառուցել ջեռուցման համակարգ:Գյուղում անցկացվել են գիշերային լուսավորություն համակարգ: Իսկ անելիքները շատ են և իրագործելի: Ծրագրում ենք վերանորոգել մշակույթի տունը: Արդեն նախատեսել ենք, որ մեկ հարկը կտրամադրվի հանդիսությունների սրահին:Կունենանք նաև սպորտ դահլիճ,ըմբշամարտի մարզադահլիճ,գրադարան,խաղասրահ,որտեղ կարելի կլինի խաղալ շախմատ,շաշկի,նարդի և թենիս:Կբացվեն նաև սպորտային և երաժշտական խմբակներ, կգործի թատրոն:Կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի մրգաշենցին կարողանա իր հանգիստը վայելել հենց իր գյուղում: Հույս ունեմ, որ այս աշխատանքները կավարտվեն այս տարի:
-Ինչպիսի՞ն է գյուղի ընդհանուր կենսամակարդակը:
-Այսօր Մրգաշենն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններովգազ, լույս, խմելու և ոռոգման ջուր:Ուզում եմ շնորհակալությունս ու գոհունակությունս հայտնել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից,ով միշտ դրական լուծում է տալիս թե իմ և թե գյուղացիների խնդրանքին:Վերջերս համակարգիչ նվիրաբերեց գյուղին:Չնայած զբաղեցրած պատասխանատու ու բարձր պաշտոնին և զբաղվածությանը նա հաճախակի է լինում գյուղում,քանի որ ծնողներն էլ մինչ օրս ապրում են գյուղում, համայնք այցելելիս, միշտ ժամանակ է գտնում գյուղացիների հետ ազատ ու մտերմիկ զրույցի համար:Նա օժտված է մարդկային բարձր հատկանիշներով ,որ ստացել է իր ծնողներից:
Ասում են ` երբ խնդիրնեը չեն լուծվում,ուրեմն դրանք դեռ հասարակական նշանակություն ձեռք չեն բերել, այսինքն` յուրաքանչյուր խնդիր պետք է բոլորինը դառնա,որ հնարավոր լինի հաղթահարել.«Գյուղով համախմբված ենք, մեկս մյուսի կողքին է, եթե ունենում ենք խնդիր, համայնքի ժողովում բնակչության հետ որոշում ենք մեր անելիքները»,-հավաստիացնում է գյուղապետը:
Գյուղում միշտ էլ հոգս ու ցավ կա, բայց կարելի է ասել, որ ամենակարևոր խնդիրներն իրենց լուծումն աստիճանաբար գտնում են: Դժգոհելու փոխարեն ամենքս մեր աշխատանքով շենացնենք մեր տունը, մեր փողոցը, մեր համայնքը:
Դրանով երկիրն ավելի կշենանա…