– 2023թ. հուլիսի 1-ից նոր կարգով են հարկվում միկրոձեռնարկատիրության սուբյեկտները։ Հարկը հաշվարկվում է վճարվող աշխատավարձի 20 տոկոսի չափով։ Այսինքն, մեկ աշխատողի համար միկրոձեռնարկատիրության դեպքում ոչ թե հաստատուն 5 հազար դրամի չափով է եկամտային հարկ վճարվում, այլ գործատուն վճարում է 20 տոկոս եկամտահարկ։ Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի նպատակն էր փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման հարմարավետ և պարզ պայմաններ: Արդյունքում միկրո-ով աշխատելը դարձել է շատ բարդ և ոչ ցանկալի։
– Երևանում կտրուկ բարձրացել են շինթույլտվությունների տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը։ Կառուցապատող ընկերություններն արդեն նախազգուշացնում են, որ նորակառույց շենքերի, առանց այն էլ ոչ մատչելի, բնակարանների գները 10-15 տոկոսով կբարձրանան։ Տուժելու են և կառուցապատողները, և բնակարան ձեռք բերող քաղաքացիները։
– 2024թ-ի սեպտեմբերից հավելյալ պետական տուրք են վճարելու տաքսու վարորդները։ Առցանց պատվիրված յուրաքանչյուր տաքսի-փոխադրման համար կգանձվի վճար, որը մինչև 2026թ. կհասնի 5 տոկոսի։ Պահանջվելու է նաև տաքսիներում ՀԴՄ-ներ ունենալ և էլեկտրոնային կտրոն տրամադրել։ Սա կարող է ազդել նաև տաքսու գների բարձրացման վրա։
– «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական և նոտարական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, իսկ արդեն 2025 թ. հունվարի 1-ից բացառել գործունեության այս տեսակները շրջանառության հարկի համակարգում: Ի՞նչ հետանքներ կարող է ունենանալ այս որոշումը. մարզերում տարեկան ընդամենը մի քանի տասնյակ գործարք անող նոտարական գրասենյակները պարզապես կփակվեն, իսկ փաստաբանական ծառայությունների արժեքը կբարձրանա։ Իհարկե էլի տուժելու է սովորական քաղաքացին։
Բայց այստեղ նշմարվում է նաև թաքնված դրդապատճառ պատժել փաստաբանական հանրույթին, որը հակադրվում է իշխանության իրավական կամայականություններին։
– Բաց է մնում արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների հարկման հարցը։ Հարկումը հետաձգվեց, բայց որ առաջիկայում «խոպանչիները չեն պլստալու», բոլորին է հասկանալի։ Վարչապետի կառավարության նիստի մեկնաբանությունը դրա մասին էր եթե հարկ չեք տալիս, ապա «մեր» ճանապարհներով մի քայլեք, մի երթևեկեք։
– Այս տարվա հունվարից Երևանի կենտրոնում առանձնացված կարմիր գծերից օգտվելու տարեկան վճարը ավելացվեց 13 անգամ, հասավ 160 հազար դրամի իբր խցանումներից խեղդված կենտրոնը բեռնաթափելու համար։ Կենտրոնը չբեռնաթափվեց, փոխարենը վարորդները հայտնվեցին բեռի տակ։
Բարձրացել են դատարան դիմելու տուրքերը, առաջիկայում կթանկանա տրանսպորտը, կներդրվի առողջապահության ապահովագրման համակարգ։ Իսկ թե էլ ինչ պարտադիր վճարներ կծագի այս իշխանության գլխում, գուշակելն անշնորհակալ գործ է։
«Եթե սիրում ես հայրենիքդ, վճարիր հարկերդ»։ Բայց ստացվում է, որ իշխանությունը հայրենիք ասելով հասկանում է իրեն հարկերը անհրաժեշտ են քաղաքապետի «թագադրման», ամանորյա անճաշակ, անհասկանալի ձևավորման, ծառայողական թանկարժեք մեքենաների և էլի բազում աբսուրդի հասնող ծախսերի համար։
Հարկ վճարելը հերոսություն չէ։ Բոլոր նորմալ պետություններում դա քաղաքացիների արդարացի պարտավորությունն է։ Սակայն այն պետք է լինի համարժեք մարդկանց բարեկեցությանն ու հարկերի հաշվին կատարվող ծախսերին։