Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող հաստատակամ քայլերին և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցերին: «Հայաստանի կառավարությունը հանձնառու է թե՛ ժողովրդավարական բարեփոխումների, թե՛ խաղաղության օրակարգին, և մեր միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը կարևոր է շոշափելի առաջընթացի ապահովման համար։»
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ, այդ թվում վերականգնվող էներգիայի բնագավառում։
Շարունակելով տարածաշրջանային թեմաների վերաբերյալ քննարկումը Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում Ալմաթիում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կայացած բանակցությունները։