ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գնումների հայտարարագրերը փաստում են, որ կոմիտեն բավական «բծախնդիր» է գույք ձեռք բերելու հարցում: Միայն 2016-ին երկու նախագահ փոխած կառույցը երկու անգամ էլ կահույքի ձեռքբերման գնումների գործընթաց է իրականացրել:
Հաղթանակի զբոսայգու տարածքում միլիոնատերերի շքեղագույն առանձնատներից մեկում բնակվող Վարդան Հարությունյանը, ի զարմանս շատերի, հետևեց բոլոր հնացած պաշտոնյաների վարքին, և ՊԵԿ-ում պաշտոնավարման առաջին իսկ օրերին ձեռնամուխ եղավ պետության հաշվին «բարեկարգել» սենյակը նոր կահույքով: Երիտասարդ պատգամավորի քմահաճույքը գուցե տանելի լիներ սրանից տարիներ առաջ, երբ բոլոր վարչապետները խոսում էին կոռուպցիայից, ավելորդ ծախսերից, բայց ոչ երբեք ծախսերի օպտիմալացումից: Մինչդեռ ծախսերի կրճատման գնացող վարչապետի նշանակած կադրը, ով Գազպրոմում վարձատրվում էր ամիսը 15 000 դոլար, ակնհայտ կերպով բյուջեի ու հարկատուներիս վրա է ծանրացնում Հովիկ Հովսեփյանի կահույքին չհարմարվելու սեփական քմահաճույքը:
Ինչպես dialogue.am-ին հայտնեցին ՊԵԿ-ից, կահույքը ձեռք է բերվել 2016-ի հոկտեմբերի 27-ին և 28-ին կնքված շրջանակային համաձայնագրերով, որոնց համաձայն բյուջեից կահույքի ձեռքբերման համար ծախսվել է 34 միլիոն 962 հազար 640 դրամ: Կահույքի մեջ հիմնականում տարբեր չափերի և որակների սեղաններ ու գրասեղաններ են ներառված, նաև գզրոցներ, գրապահարաններ ու աթոռներ:
Նշենք, որ 34 միլիոնանոց կահույքը նախատեսված չէր զարրդարելու միայն ՊԵԿ նախագահի սենյակը, նույն գնումների գործընթացով նախատեսվել է կահույք հատկացնել ՊԵԿ-ի Իջևանի ՏՀՏ-ին 2016-ի դեկտեմբերին շահագործման հանձնվող նոր վարչական շենքին, ինչպես նաև Երևանի Տիգրան Մեծի 4 հասցե տեղափոխված ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության աշխատասենյակների կահավորման նպատակով:
Ընդհանուր առմամբ, կահավորվել է մոտ 65 աշխատասենյակ:
Իդեպ, ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանն էլ իր հերթին ՊԵԿ-ում նշանակվելուց հետո անմիջապես անցավ կահավորման «բարդ» խնդրին: Ու չնայած իր հայտարարագրած միլիոնների ու առանձնակի չափերի հասնող կարողությունների մասին շրջանառվող լուրերի, Հովիկ Հովսեփյանը աշխատասենյակը կահավորեց պետության հաշվին դրա վրա ծախսելով 7 մլն դրամ: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ-ը ղեկավարեց ընդամենը 7 ամիս 2016-ի մարտի 3-ից մինչև հոկտեմբերի 10-ը:
Կահույքի ձեռքբերման պայմանագիրը կնքվել էր Ջուլիաննա ՍՊԸ-ի հետ:
Իդեպ , սա նկատել էր նաև գնումների փորձագետ Արտակ Մանուկյանն, ով իր ֆեյսբուքյան էջով հրապարակեց ՊԵԿ-ի ծախսերը:
«Նախորդ ՊԵԿ ղեկավարի Հովսեփյանի գալով լրիվ գրասենյակային գույքը փոխելու կարիք առաջացավ, ինչը հարկատուներիս վրա նստեց ավելի քան 7 մլն դրամ, չմոռանանք, որ դա ապրիլյան պատերազմից հենց հետո էր»:
Թե որքանով էր նպատակահարմար առանց այն էլ շքեղ կահույքից հրաժարվել առանց պատճառաբանության, մանավանդ ապրիլյան պատերազմի օրերին, ՊԵԿ-ից մեր այս հարցարումը այդպես էլ մնաց անպատասխան:
Այդուհանդերձ հարկ ենք համարում ներկայացնել գործող և նրան նախորդած ՊԵԿ նախագահների եկամուտները, որոնք չնայած այդ կարողությունների նախընտրեցին ՊԵԿ-ում աշխատասենյակը հարմարավետ դարձնել ոչ թե սեփական եկամուտների, այլ պետբյուջեի հաշվին:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարագիրը
3 բնակարան
2 առանձնատուն
12 հողամաս
3 հատ ավտոմեքենա
309 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս
8 մլն դրամը գերազանցող արժեքով 2 ժամացույց
8 մլն դրամը գերազանցող արժեքով 1 կտավ
Պաշտոնը ստանձնելու պահին հոկտեմբերի 8-ի դրությամբ, պրն Հարությունյանն ունեցել է 471 հազար 931 դոլարի և 2 մլն 659 հազար 657 դոլարի փոխառություններ: Նրա դրամական միջոցները կազմում են 45 մլն 43 հազար դրամ, 54 հազար 105 դոլար և 110 եվրո: «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնում նա ամսական ստացել է 13 միլիոն 675 հազար դրամ աշխատավարձ։
Հովհաննես Հովհաննիսյանը ևս ՊԵԿ-ը ղեկավարելու 7 ամիսների ընթացքում ունեցել է զգալի միջոցներ 6 բնակարան, 6 հողամաս, 1 ավտոտնակ, 1 Range Rover 5.0 տեսակի ավտոմեքենա, 8 մլն դրամը գերազանցող արժեքով նկարների հավաքածու: Դրամական միջոցները կազմել են 185 մլն դրամ, դոլարով 1մլն 855 հազար դոլար:
Նա պաշտոնավարման ընթացքում տրամադրել է 2 միլիոն դոլար փոխառություն տոկոսներով վաստակելով 2 միլիոն դոլար, ևս 9 միլիոն 720 հազար դրամ ստեցլ է վարձակալության դիմաց վճարներից:
Որպես ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ստացել է 5 միլիոն 800 հազար դրամ աշխատավարձ:
Պատրաստեց Զառա Մանուչարյանը