8 Փետրվարի, 2025
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Ավելի վաղ նրա ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում։ Սրան զուգահեռ Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքի, եկամուտների հայտարարագրում կան էական անհամապատասխանություններ նրա եկամուտների և հայտարարագրած դրամական միջոցների միջև, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ՝ սեղմված բնական գազի ձեռքբերման համար։ Պայմանագիրը կնքվել է հունվարի 27-ին։

Ըստ դրա՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանում Վաղարշապատի համայնքապետարանի կարիքների համար պետք է կատարվեն լիցքավորումներ։ Միրզոյանը գազալցակայանը հիմնել է 2020-ին, այն գտնվում է Էջմիածին-Արտիմետ խճուղի 1 հասցեում։ Գազալցակայանի անհրաժեշտ թույլտվությունները Միրզոյանը ստացել էր ապագա հարսից՝ Դիանա Գասպարյանից, երբ վերջինս արդեն Վաղարշապատի քաղաքապետն էր։

Սեղմված գազի ձեռքբերման գնումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով։ Ըստ Gnumner.am հարթակի՝ մրցույթին բացի Աշոտ Միրզոյան ԱՁ-ից մասնակցել են նաև «Լի գազ» և «Տնկարան» ՍՊԸ-ները։ Ամենացածր գնային առաջարկ ներկայացրել է Դիանա Գասպարյանի սկեսրայրը, ում վերջին գնառաջարկը «Տնկարան»-ից պակաս է եղել 133 հազար դրամով, և պայմանագիրը շնորհվել է Միրզոյանին»,-գրված է կայքում։

Մանրամասներն՝ այստեղ։

Լրահոս