22 Փետրվարի, 2024

Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Մենք կարեւորում ենք Լիտվայի հետ կապերի խորացումը, տարբեր ոլորտներում ու հարթակներում համագործակցության զարգացումը: Ողջունելով Լիտվայի ԱԳ փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` ասել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Փետրվարի 22-ին կայացած հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակում երկկողմ փոխգործակցությանը: Արման Եղոյանը կարեւորել է Լիտվայի դերը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, մարտահրավերները:

Արսեն Թորոսյանը խոսել է խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ հարաբերություններից, ընդգծել, որ դրանք վերջին տարիներին դինամիկ զարգանում են:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ երկկողմ փոխգործակցության խթանմանն առնչվող այլ հարցերի, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի արտոնագրերի ազատականացմանը:

kotayk

Լրահոս