8 Հունվարի, 2025

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

Ադրբեջանի նախագահին անհանգստացնող մեկ այլ հանգամանք է հունվարի 17-ին Իրանի նախագահի այցը Ռուսաստան, որտեղ մասնավորապես կարող է ստորագրվել ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագիրը: Այդ պայմանագրի ստորագրման դեպքում, այն ունենալու է էական նշանակություն ոչ միայն Կովկասի, այլ աշխարհաքաղաքական ամբողջ խաղատախտակի համար:

Բնականաբար, Կովկասի առնչությամբ այն կլինի Ալիեւին կաշկանդող էական գործոն: Ընդգծեմ՝ խոսքը ոչ թե բացարձակության մասին, այլ՝ էականության: Այդուհանդերձ, նախ, ռուս-իրանական պայմանագրի ստորագրումը նշանակելու է, որ Ադրբեջանը չկարողացավ կատարել այն ձախողելու իր վրա դրված եվրաատլանտյան պարտավորությունը:

Եթե Մոսկվայում ստորագրվի պայմանագիրը, ապա դա լինելու է Իլհամ Ալիեւի ձախողումը: 2020 թվականին նա հաջողել է Ռուսաստանի եւ Իրանի դիրքերի թուլացման «առաջադրանքի» հարցում: Այո, որքան էլ Հայաստանում տարածված «նորաձեւություն» է պնդումը, որ 2020 թվականի պատերազմը ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական պայմանավորվածություն էր, այդուհանդերձ ես շարունակում եմ արտահայտել իմ այն կարծիքը, որ ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական պայմանավորվածություն էր դրա ավարտը, այլ ոչ թե սկիզբը:

Հաջորդ երեք տարին ըստ էության եղել է մի իրավիճակ, երբ ռուսները քայլ առ քայլ հետ են մղվել նաեւ այդ պայմանավորվածություններից:

Ալիեւի ստացած նոր լայն առաջադրանքը եղել է ռուս-իրանական համաձայնագրի տապալումը: Դրա համար պետք է ռազմական գործողություն Հայաստանի նկատմամբ: Իսկ դա արդեն նույնքան կանխատեսելի չէ ռազմական հավասարակշռության առումով, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այո, զուտ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական ներուժը Ալիեւին թույլ է տալիս հավակնել հաղթանակի: Բայց, այստեղ արդեն միայն Հայաստանի ու Ադրբեջանի հարց չէ:

Եվ բանը նաեւ այն չէ, թե Ադրբեջանին դա թույլ չի տալիս Արեւմուտքը: Չկա Արեւմուտք որպես այդպիսին: Այն պահից, երբ Ադրբեջանին ու Հայաստանին թողել են «բանակցել» մեն մենակ, դրանով «լվացել»են իրենց ձեռքերն ու արտոնել Ալիեւին: Կան ԱՄՆ, Ֆրանսիա, Բրիտանիա՝ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը, որոնք ունեն հիմնավորապես տարբեր պատկերացումներ, շահեր ու խնդիրներ:

Տվյալ պարագայում, Բրիտանիան ու Ֆրանսիան թերեւս բավականին անհանգստացած են, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորված լինել ռուս-իրանական պայմանագրի հարցում:

Հետեւենք:

Լրահոս