15 Մայիսի, 2025

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպն անթույլատրելի է համարում:

Նա դատապարտում է որևէ ուսուցչի հանդեպ նման վերաբերմունքը։

«Առհասարակ, դպրոցն այն միջավայրն է, որտեղ  ցանկացած տիպի բռնություն անթույլատերլի է, առավելս ևս այն անթույլատելի է  ուսուցչի հանդեպ»,- ասուլիսում ասաց նա:

Փոխնախարարն ընդգծեց, որ ծնողները պետք է հստակ գիտակցեն ուսուցչի դերն իրենց երեխայի կյանքում, որևէ մեկն իրավունք չունի որևէ ուսուցչի հետ իրեն նման կերպ պահել։

«Բնականաբար, դպրոցը մեր ուշադրության կենտրոնում է, բայց միայն տնօրենի պարտականությունները կատարողին այդ պարտականություններից կատարումից զրկելով հարցը չի լուծվում։ Խնդիրը շատ խորքային է, այդ երեխաները, ծնողները, որոնք հարցերը նման  ձևաչափով բարձրացնում էին, մեկ օրվա արդյունք չէ։ Ռիսկ կա, որ նման իրավիճակ ունենք այլ դպրոցներում»,- ասաց փոխնախարարը։

Արաքսիա Սվաջյանն ասաց, որ իրենք ուսումնասիրել են ուսուցչի վարքը, նաև տեսանյութերից է պարզ երևում, որ թեև հունից դուրս եկած, հունից դուրս հանող մեկնաբանություններով էին դիմում ուսուցչին, նա իրեն պահնում էր հավասարակշիռ։

«Անկախ նրանից, ուսուցիչն ինչպիսի վարք դրսևորած կլինի,  ուսուցչի հետ խնդիրները պարզելու ձևաչափը դա չէ։ Ամեն օր ստանում ենք բռնությունների,  բուլինգի վերաբերյալ դեպքերի մասին տեղեկություններ, երբեմն նաև ուսուցիչների կողմից, բայց որևէ մեկը չի թույլատրում որևէ մեկին ուսուցչի հետ նման կերպ վարվել։ Դրա համար կան համապատասխան կառույցներ»,- ասաց նա։

Լրահոս