28 Մարտի, 2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն։ Չեմ ուզում եզրակացություններ անել, բայց ուզում եմ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող»,- ասաց Փաշինյանը և հավելեց․ «Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է, որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքում թերացել են»:

Փաշինյանի խոսքով՝ նրանք, ովքեր հանդես են գալիս այդ ուղերձներով, իրենք պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորություն ունեցել են։

«Ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք: Կներեք, բայց պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են և այլ տրամաբանություն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ կողմից»,- ասաց նա։

kotayk

Լրահոս