6 Հունվարի, 2025
Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Աստվածաշնչյան 10 պատվիրաններից իններորդը ասում է. «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր»…

Սուրբ Ծննդի այս հրաշագեղ առավոտ չէի անդրադառնա «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի՝ ինձ եւ ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը վերաբերվող մի գրառման, եթե հեղինակի հետ այս մասին ամիսներ առաջ տետատետ խոսակցություն ունեցած չլինեինք եւ դույզն իսկ օբյեկտիվություն ու պոլիտկոռեկտություն պահպաներ իր գրառման մեջ հանրային գործունեություն ծավալող սույն անձը։

Իսկ անդրադարձս կներկայացնեմ 5 անհերքելի փաստերի ամփոփ արձանագրմամբ՝

Փաստ 1. Հ.Խուրշուդյանը հանդիսանում է ՊՎԾ-ից ազատված՝ Հետք-ի հրապարակման աղբյուրը հանդիսացող Սուսաննա Մուրադյանի մտերիմը (նրանց միավորում է «Ժառանգություն» կուսակցության շրջանակներում համատեղ երկարատեւ գործունեությունը), ով տեւական ժամանակ է «թիրախավորել» է Ծառայությանը եւ ինձ՝ փորձելով այդ կերպ «վրեժխնդիր» լինել Ս.Մուրադյանին ՊՎԾ-ից աշխատանքից ազատելու համար։ Ընդ որում, այս արշավն սկսվել է շատ ավելի վաղ՝ Ս.Մուրադյանի ձեռամբ ՊՎԾ-ից կազմակերպված որոշակի ծառայողական տեղեկատվության հատվածական արտահոսքով, ինչը եւս նրա հանդեպ վստահության կորստի հավելյալ պատճառներից մեկն է դարձել։

Փաստ 2. Թե՛ ՊՎԾ-ն, եւ թե՛ «Արմենիա» ԲԿ-ն պաշտոնապես հերքում են տարածել Հետք-ի հրապարակման վերնագրում եւ տեքստի մեջ տեղ գտած մի շարք մերկապարանոց եւ զրպարտիչ պնդումների վերաբերյալ, ինչպես նաեւ ՊՎԾ-ն այս պահին պաշտոնական հայց է պատրաստում՝ նշված հրապարակման կապակցությամբ դիմելու Դատարան, ընդդեմ Հետք պարբերականի եւ այս գործով՝ նրա ինֆորմացիոն աղբյուր հանդիսացող ՊՎԾ նախկին աշխատակից Ս.Մուրադյանի։

Փաստ 3. ՊՎԾ-ի հաստիքացուցակը հաստատվում է Վարչապետի Որոշումով՝ որտեղ հստակ սահմանված են մասնագիտացված ստորաբաժանումների եւ դրանցում պետական վերահսկողների կազմը, քանակը, դրույքաչափերը եւ այլն։ Այդ հաստիքները համալրվում են «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքների եւ մի շարք օրենսդրական ակտերի պահանջներով՝ հատուկ ընթացակարցերով։

Ծառայության ղեկավարը ունի ընդամենը 2 խորհրդական։ Բացի մասնագիտացված սսորաբաժանումներից՝ ինչպես բոլոր պետական գերատեսչություններում, ՊՎԾ-ում եւս կան ոչ մասնագիտական, հայեցողական հաստիքներ (իրավախորհրդատու, խորհրդական ստորաբաժանումներում՝ առանձին գործառույթներ իրականացնող եւ այլն), որոնք որեւէ կերպ չեն առնչվում մասնագիտացված հաստիքացուցակին, եւ դրանց համալրումը հայեցողական է, ինչը եւ վերապահված է Ծառայության ղեկավարին՝ համալրելու իր վստահելի կադրերով, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարությամբ։

Փաստ 4. Ինչպես սույն գրառման, այնպես էլ Հետք-ի բուն հրապարակման մեջ տեղ գտած պնդումները քննության առարկա են դարձել Հակակոռուպցիոն կոմիտեում քննված (իմ հաղորդման հիման վրա նախաձեռնված), ապա եւ՝ կարճված քրեական վարույթի նյութերում, սակայն դրանցում որեւէ հանցակազմ չի բացահայտվել (այդ մասին հեղինակն անձամբ եւս իրազեկված է)։

Փաստ 5. ՀՀ-ն իրավական պետություն է, եւ ցանկացած անձ, ով հստակ տեղեկություն եւ անհերքելի փաստեր ունի պետական համակարգի որեւէ օղակում առերեւույթ չարաշահման, հովանավորչության, կոռուպցիոն երեւույթների, իր իսկ խոսքերով՝ «մութ գործունեության» վերաբերյալ, պարտավոր է այդ մասին անհապաղ հաղորդում ներկայացնելու իրավապահ մարմիններին (համացանցում ուղղորդված ինֆորմացիոն արշավներ կազմակերպելու փոխարեն)։

Հ.Գ. Կոչ եմ անում, մասնավորապես, հասարակական գործունեություն ծավալող եւ որոշակի լսարան ու ճանաչում ունեցող գործիչներին՝ չփորձել իրենց հանրային հեղինակությունը օգտագործել կանխակալորեն՝ նեղ-անձնական ու ընկերային շահերի սպասարկման նպատակով (հեղինակի խոսքով՝ «ԽԾԲ-ների» համար), օգտվելով նաեւ հանրության լայն զանգվածների՝ խնդրո առարկայի վերաբերյալ անիրազեկվածությունից։

Այդկերպ անհարկի թիրախավորելով պետական կառավարման համակարգի մարմիններին եւ գործիչներին՝ ում գործունեության առանցքում բացառապես պետական շահն է, անխուսափելիորեն կարող եք վնաս հասցնել վերջիններիս բարի համբավին, իսկ զրպարտանքի դեմ դատական ճանապարհով պայքարը ենթադրում է երկար ու ժամանակատար գործընթաց, ինչը մասամբ կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը։

Հ.Գ.Գ. Մեկնաբանություններում կարող եք ծանոթանալ ՊՎԾ եւ «Արմենիա» ԲԿ պաշտոնական հերքումներին։

Ողջախոհություն եմ մաղթում բոլորիս 2025-ին»:

 

 

Լրահոս