7 Հունվարի, 2025

Երեկ՝ հունվարի 6-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ հունվարի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների հետ՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի և Արման Գալստյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև վիրավորի, մասնակիցների և կրակոց արձակողի ինքնությունը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 18 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք  է առաջացել, որն այնուհետև շարունակվել է Տերյան փողոցում՝ Վանաձորի բնակիչներ 45-ամյա Միկիտ Մարկոսյանի, 43-ամյա Դավիթ Մարկոսյանի և 38-ամյա Տիգրան Էվոյանի միջև:

Այն տևել է մոտ 10-15 րոպե և վիճաբանության ժամանակ, ըստ ստացված օպերատիվ հավաստի տեղեկությունների՝ Մ. Մարկոսյանը իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Տ. Էվոյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք, ապա Մ. Մարկոսյանը իր կողմից շահագործվող «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքնայով դեպքի վայրից դիմել է փախուստի:

Տ. Էլոյանը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշնեով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս