«Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել և այդ խոսույթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ չի բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կունենան կրկնություններ միգուցե տարբեր այլ հատվածներում։
«Երեկ էլ մենք մի թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում, և այդ ճնշումների արդյունքում էլի առանց որևէ բանի ինչ-որ բաներ կհանձնվեն և այսպես շարունակ»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Հարցին մինչ ե՞րբ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մինչև այստեղ հավաքված բոլորը, այդ թվում նաև լրագրողները, մեր քաղաքական դաշտը, առաջին հերթին մեր ժողովրդի գոնե այն հատվածը, որ անտարբեր չէ իր հայրենիքի ապագայի հանդեպ, ուղղակի այս իշխանություններին ուղարկեն տուն»։
Հարցին իշխանություններն ասում են Սահմանադրությունը փոխելով փորձում են նաև ժամանակ շահել, կամ այլ քայլ են փորձում ակնկալել, Սերժ Սարգսյանն ասաց. «Չեմ կարծում, որ այս պարագայում Հայաստանի կառավարիչների կողմից ժամանակ շահելն այլ նպատակ ունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը։
Եթե այս մարդիկ երեքուկես տարվա ընթացքում չեն հասցրել կահավորել մեր առաջնագիծը, ապա այդ ժամանակն իրենց համար ի՞նչ նորություն պետք է բերի։ Միգուցե իրենց թվում է, թե ինչ-որ հրաշք պետք է տեղի ունենա ու Ադրբեջանն իր պահանջները հետ կքաշի։ Չի կարող նման բան լինել, քանի որ նորից պետք է կրկնեմ կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը։
Եվ մենք գործ ունենք արդեն … գիտեք մեկը մյուսով փոխարինելու հետ։ Այսինքն, այն կամքը, որ ցուցաբերվում է ներքին կյանքում, ինչ որ տեղ փորձում են դրանով կոմպենսացնել արտաքին հարաբերություններում իրենց կամազրկությունը»։