27 Մարտի, 2025

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 27-ի նիստում հաստատեց Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանը բնակչության կանոնավոր ֆիզիկական ակտիվության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50%-ը: Հայաստանում  2016-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ նշվել է բնակչության ավելի քան 7%-ի ֆիզկուլտուրային կանոնավոր զբաղվածություն, իսկ 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության ցուցանիշը կազմել է 16,5%:

Ֆիզիկապես թերակտիվ տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերակցությունը կազմել է, համապատասխանաբար՝ 10,4 և 22,3%:  ՀՀ կառավարությունը առաջնահերթ է դիտում հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խթանումը։

Այդ պատճառով սպորտի ոլորտին արվող պետական հատկացումները 2018-ի համեմատ 2023-ին աճել է շուրջ հինգ անգամ, ընդ որում, դրա շրջանակներում մասսայական սպորտին ուղղվող հատկացումները աճել են շուրջ 10 անգամ հենց այս թիրախն ունենալով։

2021-ից ներդրվել են մասսայական սպորտի նոր միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթի հինգ մրցաշարերը, որոնք նպատակ ունեն զարգացնել և խթանել հանրության մասնակցությունը տարբեր մարզաձևերին:

2024 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» 5 խոշոր մարզական մրցաշարերին արդեն իսկ մասնակցել է շուրջ 9603 մարդ, որ 48%-ով ավելի է, քան նախորդ տարի: Ավելին, 2024-ից սկսած երեք մրցաշարեր անցկացվում են դպրոցական ձևաչափով՝ սեղանի թենիսի, թիմային խճուղավազքի և հեծանվավազքի:

Դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով 2024-ին ավելի քան 6500 հեծանիվ է գնվել և տրամադրվել բոլոր դպրոցներին:

Այս նախագծի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ՝ խրախուսելու մկու և բարձրագույն ուսումնական հաստատությունների այն սովորողներին և աշխատակիցներին, որոնք դիտարկում են հեծանիվը իբրև փոխադրամիջոց, իբրև նախասիրություն:

Շուկայի վերլուծությունները և հեծանվի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ նախագծով առաջարկվող գինը բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվներ ձեռք բերելու համար, ինչպես նաև դաշտում կա հետաքրքրություն նման նախաձեռնության իրականացման շուրջ։

Ծրագրի շրջանակներում կտրամադրվի օժանդակություն՝ 2025 թվականին՝ 500, 2026 թվականին՝ 1000 և 2027 թվականին՝ 1500 նոր շահառուների:

Լրահոս